21:44  ,  6 հունիսի, 2012

Աբրահամ - Շտիգլից մենամարտի վայրն ու օրը պաշտոնապես հաստատվեց (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտը գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի եւ գոտու հավակնորդ Արթուր Աբրահամի միջեւ պաշտոնապես հաստատվել է, հաղորդում է Fightnews.com-ը։ Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին Բեռլինի O2 World մարզապալատում։

Աբրահամն ու Շտիգլիցը Բեռլինում անկցացրել են պաշտոնական շնորհանդես։

«Ես երջանիկ եմ, որ մենամարտը տեղի է ունենալու O2 World արենայում։ Ես հույս ունեի հնարավորություն ստանալ այս հրաշալի մարզապալատում առավելագույն հնարավոր թվով երկրպագուների ներկայությամբ ցուցադրել իմ հնարավորությունները։ Ես անհամբերությամբ սպասում եմ երկրպագուներիս դարձյալ ուրախացնելու հնարավորությանը՝ այնպես, ինչպես 2009-ին վերջին ռաունդում նոկաուտի ենթարկեցի Ջերմեյն Թեյլորին», - հայտարարել է Աբրահամը։

Շտիգլիցին չի անհանգստացնում, որ մենամարտը տեղի է ունենալու Աբրահամի համար գրեթե հարազատ արենայում։
«Սա իմ գոտին է։ Մենք կռվելու ենք տիտղոսի համար, բայց միեւնույնն է՝ ի վերջո, գոտին իմն է լինելու։ Ես կապացուցեմ, որ իրավամբ եմ դարձել չեմպիոն՝ անկախ մրցակցից, ժամանակից եւ տեղից», - ասել է Շտիգլիցը։

Մենամարտի տոմսերը վաճառքում կլինեն հունիսի 8-ից։ Դրանք ձեռք բերել հնարավոր կլինի նաեւ eventim.de եւ o2world-berlin.de կայքերի միջոցով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում