03:30  ,  22 փետրվարի, 2015

Արթուր Աբրահամը՝ ծանր հաղթանակի եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին

Բարդ հաղթանակ էր, որի համար պայքարեցի 12 ռաունդ: Փորձեցի նոկաուտի ենթարկել Փոլ Սմիթին, բայց չստացվեց, քանի որ նա բարդ մրցակից է:  

Այս մասին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Արթուր Աբրահամը, ով մեկնաբանեց ռեւանշ մենամարտում բրիտանացի Փոլ Սմիթի նկատմամբ վստահ հաղթանակը:

«Ցանկանում էի նոկաուտով հաղթել Փոլ Սմիթին, սակայն նա ամուր էր եւ դիմացավ մինչեւ վերջին ռաունդը: Ծանր հաղթանակ էր: Ստացվեց բարդ մենամարտ: Չեմ կարծում, որ Սմիթը եւս մեկ ռեւանշ կպահանջի, քանի որ արդեն 2 անգամ հաղթել եմ նրան:

Ինձ համար այս հաղթանակը շատ կարեւոր է: Այն նվիրում եմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որպեսզի ամբողջ աշխարհը լսի, ճանաչի, իմանա, որ հայերին կոտորել են, սպանել ու չարչարել են մեր երեխաներին, քույրերին ու եղբայրներին: Աշխարհը պետք է ճանաչի այդ ցեղասպանությունը: Ես պետք է հաղթեի, եւ այժմ այս հաղթանակն իմ ազգինն է»,- ասաց Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինի O2 World մարզապալատում կայացած մենամարտում 35-ամյա հայ բռնցքամարտիկը Փոլ Սմիթին երկրորդ անգամ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116:112, 117:111, 117:111: Արթուր Աբրահամը 42-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ հերթական անգամ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Լուսինե Շահբազյան՝ Բեռլինից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով