22:40 21 փետրվարի, 2015Բեռլինի ամենահայտնի արենա O2 World-ն արդեն պատրաստ է ընդունել պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի միջեւ չեմպիոնական մենամարտը, որը կկայանա փետրվարի 21-ին Գերմանիայի մայրաքաղաքում:
Հսկա այս համալիրը կառուցվել է 2008 թվականին եւ համարվում է Բեռլինի կարեւորագույն, բազմաֆունկցիոնալ մարզահամալիրը: Այն տեղավորում է մինչեւ 17 հազար հանդիսատես: Համալիրի կառուցման ծախսը կազմել է մոտ 165 միլիոն եվրո: Այստեղ են անցկացվում աշխարհահռչակ աստղերի, երգիչ-երգչուհիների համերգները, մարզական ամենադիտարժան իրադարձությունները, բասկետբոլի եւ հոկեյի խաղերը: Այս արենայում համերգներ են ունեցել աշխարհահռչակ Metallica խումբը, Լեդի Գագան, Սթինգը, Կայլի Մինոուգը, Մադոննան, Ջենիֆեր Լոպեսը, Բոբ Դիլանը եւ այլք:
O2 World արենայում տնային խաղեր են անցկացնում բասկետբոլի «Ալբա» եւ հոկեյի «Այսբերեն» բեռլինյան ակումբները: Այստեղ են անցկացվում նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենասպասված, ամենամեծ հանդիսատես ապահովող մենամարտերը: Յուրաքանչյուր մենամարտ այստեղ վերածվում է իսկական շոուի: Ասես երկրպագուներն ավելի շատ գալիս են շոուի ականատես լինելու, քան բռնցքամարտ դիտելու:
Արթուր Աբրահամն այս արենայում արդեն երրորդ անգամ է մենամարտում: Բեռլինի O2 World մարզապալատում 2009-ի հոկտեմբերի 17-ին Աբրահամը Super Six World Boxing Classic մրցաշարի իր առաջին մենամարտում նոկաուտի է8 ենթարկել աշխարհի նախկին չեմպիոն Ջերմեյն Թեյլորին, իսկ 2012-ի օգոստոսի 25-ին նա մենամարտել է գերմիջին քաշային կարգում WBՕ վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ՝ հաղթելով միավորներով:
Այս պահին O2 World արենան արդեն աստիճանաբար լցվում է: Արթուր Աբրահամ - Փոլ Սմիթ մենամարտից առաջ այստեղ կանցկացվեն տարբեր քաշային կարգերում երկու 6 ռաունդանոց, երկու՝ 8 ռաունդանոց, մեկ՝ 10 ռաունդանոց եւ մեկ՝ 12 ռաունդանոց մարտեր: Ի դեպ, 8 ռաունդանոց հանդիպում կանցկացնի հայազգի բռնցքամարտիկ Նոել Գեւորը, ով կմրցի արգենտինացի Ալեխանդրո էմիլիո Վալորիի հետ:
Աբրահամ - Սմիթ մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 01:30-ին: Այս պահին O2 World արենայի տրբունաները կիսադատարկ են: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սիրահարները տրիբունաները կլցնեն օրվա գլխավոր մարտի ժամանակ: Արթուր Աբրահամը կմենամարտի կապույտ անկյունից, Փոլ Սմիթը՝ կարմիր:
Լուսինե Շահբազյան՝ Բեռլինից













The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.