Ես հասկանում եմ, որ առողջական խնդիրներ ունենալուց երաշխավորված չէ ոչ ոք, սակայն համարում եմ, որ հուսախաբ եմ արել բոլոր նրանց, ովքեր ինձ հավատում էին:
Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում նշեց հունահռոմեական ոճի ըմբիշ 66կգ քաշային կարգի 2014թ. Հայաստանի չեմպիոն Միհրան Հարությունյանը:
Ավելի վաղ NEWS.am Sport-ը տեղեկացրել էր, որ մարզիկը առողջական խնդիրների պատճառով Վանաձորում չէր կարողացել մասնակցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի 2015-ի առաջնությանը:
«Առաջին հերթին ցանկանում եմ ներողություն խնդրել նրանցից, ովքեր հավատում էին ինձ, ովքեր եկել էին Վանաձոր ինձ սատարելու:
Ցավոք, Հայաստանի առաջնությունից երկու շաբաթ առաջ առողջական լուրջ խնդիրներ ունեցա, սակայն մարզումներս բաց թողնել չէի կարող: Լիովին չվերականգնվեցի՝ արդյունքում օրգանիզմս չդիմացավ ծանրաբեռնվածությանը:
Եվ ահա, երբ մրցումների նախորդ օրը ժամանեցի Հայաստան, առողջական վիճակս ավելի վատացավ: Արդեն կշռման արարողությունից առաջ ջերմություն ունեի, արյան ճնշումս էր ընկել, բժիշկի ցուցումով ինձ տեղափոխեցին հիվանդանոց:
Ես հասկանում եմ, որ առողջական խնդիրներ ունենալուց երաշխավորված չէ ոչ ոք, սակայն ես համարում եմ, որ հուսախաբ եմ արել բոլոր նրանց, ովքեր ինձ հավատում էին:
Շնորհավորում եմ Հայաստանի առաջնության բոլոր հաղթողներին եւ մրցանակակիրներին: Մենք շատ ուժեղ հավաքական ունենք: Լավ մրցակցություն կա նաեւ 66կգ քաշային կարգում, սակայն ես չեմ կարծում, որ որեւէ մեկին կարող եմ զիջել:
Հույս ունեմ, որ ինձ հնարավորություն կտրվի մասնակցել միջազգային նույն մրցաշարերին, որտեղ կլինի նաեւ այս քաշային կարգի առաջատարը, եւ ես իմ խոսքերը գործով կապացուցեմ:
Ես ինչ-որ տեղ վստահ եմ, որ ինձ նման հնարավորություն կընձեռվի, քանի որ մեր հավաքականի գլխավոր մարզիչը չի նայում ընտանեկան կապերին, նա հավաքականի համար ընտրում է ուժեղագույններին:
Այդ իսկ պատճառով մեծ հույս ունեմ, որ մեր ֆեդերացիայի ղեկավարությունը եւ մարզչական շտաբը հնարավորություն կտան մեզ ապացուցելու՝ ով է լավագույնը»,- ասաց Միհրան Հարությունյանը:
Շուշանիկ Հակոբյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում