NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել օգոստոսի 16-ին Չինաստանի Նանջինգ քաղաքում մեկնարկող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիականներին:
Հրաչյա Բաբայան, հրաձգություն, 10 մետր օդամղիչ հրացան
Ծնվել է 1996 թվականին, Երեւանում: Անձնական մարզիչն է`Անդրանիկ Այվազյանը:
Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել է 2014թ. Եվրոպայի պատանիների առաջնությունում:
Ես`հրաձիգ
«Հրաձգությունը մարզաձեւերից ամենասիրելին է: Պատահական չէ, որ ես ընտրել եմ հենց այս մարզաձեւը: Երբ առաջին անգամ եկա հրաձգության դահլիճ եւ ձեռքս վերցրեցի հրացանը, ինքս ինձ համար որոշում կայացրեցի, որ ես պետք է հրաձիգ դառնամ: Եվ այդ օրվանից հրաձգությունը, հրացանը, կրակելը դարձան իմ առօրյայի անբաժանելի մասը: Միանգամից սիրահարվեցի այս մարզաձեւին, այն ինձ գրավեց իր զգոնությամբ, դիպուկությամբ, կրակ արձակելն ինձ համար ամեն ինչ է: Ես ապրում եմ այս մարզաձեւում: Մասնավորապես, հրաձգությունում ինձ գերում է կրակելը, երբ կանգնում ես կրակագծին ու դիպուկ կրակում թիրախին: Սա իմ կյանքն է: Չեմ կարող պատկերացնել իմ օրն առանց մարզումների, կրակելու: Կրակ արձակելուց այնքան զգացողություն կա, որ չեմ կարող նկարագրել: Կրակելուց սրտիդ աշխատանքն այնքան արագ է լինում, որ զենքդ սկսում է շարժվել, իսկ ականջիդ հասնում է սրտիդ աշխատանքը: Այդ պահին ոչնչի մասին չես մտածում, միայն զենքդ ճիշտ պահելու եւ ճիշտ կրակելու ուղղությամբ ես մտածում: Սա ադրենալին է, որ ինձ կլանել է: Ես ցանկանում եմ լավ հրաձիգ լինել եւ օլիմպիական չեմպիոն դառնալ, այնպես ինչպես օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը: Արդեն գերազանցել եմ նրա ռեկորդը, հուսամ՝ կկարողական կրկնել նաեւ նրա մարզական կարիերայի հաջողությունը` կնվաճեմ օլիմպիական ոսկին»:

Անձնական մարզիչ Անդրանիկ Այվազյանի հետ
Ես` պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից
«Օլիմպիական ուղեգիր նվաճելն ինձ համար շատ կարեւոր քայլ էր: Դա իմ նպատակներից մեկն էր, որը ես իմ առջեւ դրել էի Եվրոպայի առաջնությունում: Ճիշտ է, Եվրոպայի առաջնությում մրցանակային տեղ չզբաղեցրի, մեդալ չնվաճեցի, բայց ձեռք բերեցի ամենակարեւորը` օլիմպիական ուղեգիրը: Մեկնում եմ Նանջինգ լավ արդյունքի հետեւից: Ցանկանում եմ աշխարհին ցույց տալ, որ մենք ունենք զարգացած հրաձգություն, մենք կրակում ենք շատ դիպուկ եւ ուժեղ մրցակից ենք յուրաքանչյուրի համար: Պատանեկան Օլիմպիական խաղերը համարում եմ օլիմպիական ուղու իմ մեկնարկը: Երազանքս մեծահասակների Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է եւ օլիմպիական չեմպիոն դառնալը: Հուսամ՝ պատանեկան Օլիմպիական խաղերը կտան ինձ հնարավորություններս ցուցադրելու եւ երազանքիս մոտենալու շանս»:
Ակնկալիքներս
«Ակնկալիքներս մեծ են, բայց չեմ կարող վստահ ասել, որ մրցանակային տեղերի համար եմ պայքարելու կամ գնում եմ մեդալի հետեւից: Այդ ամենն իմ նպատակներն են եւ երազանքները, բայց սա սպորտ է եւ պատանիների շրջանում էլ կան ուժեղագույններ: Այս պահին ակնկալում եմ լավ ելույթ, ճիշտ կրակ եւ բարձր միավորներ: Մնացածը մրցասպարեզում կերեւա: Եթե այս Օլիմպիական խաղերում նվաճեմ ոսկե մեդալ, կամ առհասարակ մեդալ, կնվիրեմ Հայաստանին եւ իմ մարզիչին»:
Հրաչյա Բաբայանը Օլիմպիական մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 20-ին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:38 , 5 նոյեմբերի
20:26 , 5 նոյեմբերի
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի