NEWS.am Sport-ը ներկայացնում է. Օլիմպիական Հրաչյա Բաբայան

17:33   15 օգոստոսի, 2014

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել օգոստոսի 16-ին  Չինաստանի Նանջինգ քաղաքում մեկնարկող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիականներին:

Հրաչյա Բաբայան, հրաձգություն, 10 մետր օդամղիչ հրացան

Ծնվել է 1996 թվականին, Երեւանում:  Անձնական մարզիչն է`Անդրանիկ Այվազյանը:

Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել է 2014թ. Եվրոպայի պատանիների առաջնությունում:

Ես`հրաձիգ

«Հրաձգությունը մարզաձեւերից ամենասիրելին է: Պատահական չէ, որ ես ընտրել եմ հենց այս մարզաձեւը: Երբ առաջին անգամ եկա հրաձգության դահլիճ եւ ձեռքս վերցրեցի հրացանը, ինքս ինձ համար որոշում կայացրեցի, որ ես պետք է հրաձիգ դառնամ: Եվ այդ օրվանից հրաձգությունը, հրացանը, կրակելը դարձան իմ առօրյայի անբաժանելի մասը: Միանգամից սիրահարվեցի այս մարզաձեւին, այն ինձ գրավեց իր զգոնությամբ, դիպուկությամբ, կրակ արձակելն ինձ համար ամեն ինչ է: Ես ապրում եմ այս մարզաձեւում: Մասնավորապես, հրաձգությունում ինձ գերում է կրակելը, երբ կանգնում ես կրակագծին ու դիպուկ կրակում թիրախին: Սա իմ կյանքն է: Չեմ կարող պատկերացնել իմ օրն առանց մարզումների, կրակելու: Կրակ արձակելուց այնքան զգացողություն կա, որ չեմ կարող նկարագրել: Կրակելուց սրտիդ աշխատանքն այնքան արագ է լինում, որ զենքդ սկսում է շարժվել, իսկ ականջիդ հասնում է սրտիդ աշխատանքը: Այդ պահին ոչնչի մասին չես մտածում, միայն զենքդ ճիշտ պահելու եւ ճիշտ կրակելու ուղղությամբ ես մտածում: Սա ադրենալին է, որ ինձ կլանել է: Ես ցանկանում եմ լավ հրաձիգ լինել եւ օլիմպիական չեմպիոն դառնալ, այնպես ինչպես օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը: Արդեն գերազանցել եմ նրա ռեկորդը, հուսամ՝ կկարողական կրկնել նաեւ նրա մարզական կարիերայի հաջողությունը` կնվաճեմ օլիմպիական ոսկին»:

Անձնական մարզիչ Անդրանիկ Այվազյանի հետ

Ես` պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից

«Օլիմպիական ուղեգիր նվաճելն ինձ համար շատ կարեւոր քայլ էր: Դա իմ նպատակներից մեկն էր, որը ես իմ առջեւ դրել էի Եվրոպայի առաջնությունում: Ճիշտ է, Եվրոպայի առաջնությում մրցանակային տեղ չզբաղեցրի, մեդալ չնվաճեցի, բայց ձեռք բերեցի ամենակարեւորը` օլիմպիական ուղեգիրը: Մեկնում եմ Նանջինգ լավ արդյունքի հետեւից: Ցանկանում եմ աշխարհին ցույց տալ, որ մենք ունենք զարգացած հրաձգություն, մենք կրակում ենք շատ դիպուկ եւ ուժեղ մրցակից ենք յուրաքանչյուրի համար: Պատանեկան Օլիմպիական խաղերը համարում եմ օլիմպիական ուղու իմ մեկնարկը: Երազանքս մեծահասակների Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է եւ օլիմպիական չեմպիոն դառնալը: Հուսամ՝ պատանեկան Օլիմպիական խաղերը  կտան ինձ հնարավորություններս ցուցադրելու եւ երազանքիս մոտենալու շանս»:

Ակնկալիքներս

«Ակնկալիքներս մեծ են, բայց չեմ կարող վստահ ասել, որ մրցանակային տեղերի համար եմ պայքարելու կամ գնում եմ մեդալի հետեւից: Այդ ամենն իմ նպատակներն են եւ  երազանքները, բայց սա սպորտ է եւ պատանիների շրջանում էլ կան ուժեղագույններ: Այս պահին ակնկալում եմ լավ ելույթ, ճիշտ կրակ եւ բարձր միավորներ: Մնացածը մրցասպարեզում կերեւա: Եթե այս Օլիմպիական խաղերում նվաճեմ ոսկե մեդալ, կամ առհասարակ մեդալ, կնվիրեմ Հայաստանին եւ իմ մարզիչին»:

Հրաչյա Բաբայանը Օլիմպիական մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 20-ին:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.