19:19  ,  22 հուլիսի, 2014

Թուրքիայի հավաքականի մարզիչը՝ Հայաստանում. Արդար մրցակցության եւ մրցավարության հույսով

Եկել ենք Հայաստանում անցկացվող նետաձգության Եվրոպայի առաջնությունում հաղթելու՝ մեդալ նվաճելու եւ վարկանիշային միավորներ վաստակելու համար: Կարծում եմ՝ արդար մրցակցություն եւ մրցավարություն կլինի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց այս օրերին Հայաստանում անցկացվող նետաձգության Եվրոպայի առաջնության մասնակից Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Նատալյա Նասարիձեն:

«Թուրքիայի հավաքականի այս կազմն առաջին անգամ է Հայաստանում, բայց ես ինքս երկրորդ անգամ եմ ժամանում Հայաստան։ Առաջին այցս եղել է շատ տարիներ առաջ, երբ ես դեռ մարզիկ էի: Ազգությամբ վրացի եմ, բայց մարզում եմ Թուրքիայի հավաքականը: Ինձ անչափ դուր են գալիս հայերը, Հայաստանը: Այստեղ ամեն ինչ շատ ջերմ է ու հյուրընկալ: Կարճ ժամանակով ենք Հայաստանում, կարծում եմ՝ Թուրքիայի հավաքականի մարզիկները չեն հասցնի շրջել, տեսնել գեղատեսիլ վայրերը:  

Հայաստանում կազմակերպված Եվրոպայի առաջնության մասին կասեմ, որ ամեն ինչ շատ բարձր մակարդակով է, ինձ շատ դուր եկավ մասնավորապես մրցադաշտը, որը համապատասխանում է նորմերին: Դժվար մրցում է մեզ սպասվում, քանի որ մասնակցում են բոլոր այն երկրների հավաքականները, որտեղ զարգացած է նետաձգությունը: Թույլ մարզիկներ չեն լինի այստեղ: Ակնկալիքներս մեծ են թուրք նետաձիգներից: Եկել ենք հաղթելու, մեդալ նվաճելու եւ վարկանիշային միավորներ վաստակելու համար: Կարծում եմ՝ արդար մրցակցություն եւ մրցավարություն կլինի»,- ասաց Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով