08:12  ,  17 մայիսի, 2012

Վիկ Դարչինյան. Ես դեռ շարունակելու եմ մարզվել, ես պատրաստ եմ մենամարտել բոլորի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը վերջին երկու մենամարտերում բռնցքամարտիկը երկու պարտություն կրեց: Անսելմո Մորենոյի հետ մենամարտը բազմաթիվ անգամ քննարկվել է, իսկ ահա Շինսուկե Յամանակայի հետ Վիկի անցկացրած վերջին մենամարտից հետո լռություն էր տիրում:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է այժմ Երեւանում գտնվող Վիկ Դարչինյանի հետ:

Վախթանգ, մենք, ինչպես եւ հայ մարզասերները, դիտել ենք Շինսուկե Յամանակայի մենամարտը, որում մրցավարները միաձայն որոշմամաբ հաղթանակը շնորհեցին մրցակցիդ: Ի՞նչ կասես այդ մենամարտի մասին:

Ասեմ, որ մենամարտին ես շատ լավ պատրաստվել էի: Կարծում եմ` նկատել եք, որ ամբողջ մենամարտի ընթացքում ճապոնացին խուսափում էր առճակատումից ու անըդհատ «փախչում» էր: Նա շատ լավ գիտեր, որ ուժեղ հարված կարող է ստանալ ու պարտվել: Բացի այդ, Շինսուկեն գիտեր նաեւ, որ եթե ռաունդների հաշվարկով հավասար արդյունք գրանցվի, հաղթանակը իրեն են տալու, դրա համար էլ պարզապես խուսափում էր նոկաուտի հասցնող իմ հարվածից: Ամեն դեպքում, մենամարտի ընթացքում կոպիտ սխալ թույլ տրվեց ժյուրիի ու մրցավարների կողմից:

Ի՞նչ սխալի մասին է խոսքը:

Ինչպես հիշում եք, հինգերորդ ռաունդում ես հոնքի բացվածք ստացա: Դա ոչ թե ձեռքի հարվածի հետեւանք էր, այլ ձեռքի արմունկի հարվածի հետեւանք: Իհարկե, վնասվածքը փոխեց մարտի ընթացքը: Ես արդեն ստիպված էի մտածել եւ վնասվածքի, եւ մարտավարության փոփոխման մասին: WBC վարկածի կանոնակարգի համաձայն, բռնցքամարտիկներից մեկի խորը վնասվածքի դեպքում մենամարտը պետք է ընդհատվի ու հաշվի առնվի, թե այդ պահին մարզիկները ինչ արդյունք ունեն: Նախ, պետք է ուսումնասիրեին անմիջապես տեսաերիզով վնասվածքի պատճառը ու արմունկով հարվածի համար ճապոնացուն նկատողություն անեին, հետո ընդհատեին մենամարտն ու հաշվեին միավորները: Սակայն այդպես չարվեց, ու մենամարտը շարունակվեց:

Փաստորեն հնարավո՞ր է, որ դու հաղթում էիր այդ պահին:

Ես չեմ ուզում ասել, որ ես հաղթել եմ, բայց իմ հաղթանակը խլել են ձեռքիցս: Սակայն կանոնակարգի կոպիտ խախտում տեղի ունեցավ: Եթե ուսումնասիրեին այդ դրվագը, պարզապես կտեսնեին, որ արմուկով հարված եմ ստանում դեմքիս: Նույնիսկ ռինգի կողքին, մենամարտի ընթացքում իմ թիմի անդամները փորձում էին հրավիրել ժյուրիի ուշադրությունը այդ դրվագի վրա: Պարզապես այդ պահերը դուրս են մնացել հեռուստաեթերից:

Լավ, այդ դեպքում ի՞նչ որոշումներ կարող են ընդունվել:

Մենք բողոքարկել ենք ժյուրիի եւ մրցավարների որոշումը եւ ունենք փաստացի տեսաերիզը, որի վրա պարզ երեւում է, որ Յամանական հարվածում է արմունկով: Սպասում ենք պատասխանին: Ասեմ, որ պատասխանը ուշանում է, քանի որ մենամարտից առավելագույնը երեք-չորս շաբաթ անց բողոքարկման պատասխանը պետք է ստանայինք:

Իսկ ի՞նչ պատասխան կարող է լինել:

Մրցակցի եւ ժյուրիի խախտումը հաստատվելու դեպքում պետք է ռեւանշ մենամարտ անցկացվի չեզոք մրցավայրում, ասենք ԱՄՆ-ում: Բայց Յամանական արդեն հայտարարել է, որ ռեւանշ մենամարտ չի անցկացնի ինձ հետ: Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ նա շատ լավ հասկանում է, որ ես շատ ուժեղ եմ եւ լավ մարզավիճակում: Նման դեքպում ինձ ամենայն հավանականությամբ հնարավորություն կտան կամ մեկ քաշային կարգ ավելի ծանր կամ ավելի թեթեւ, մենամարտ անցկացնել չեմպիոնական գոտիի համար:

Սա արդեն երկրորդ անգամն է, որ դու մենամարտում ես մրցակցի հարկի տակ ու վիճարկելի որոշում են կայացնում: Ի նկատի ունեմ Զեդ Գորեսի մենամարտը Ֆիլիպիններում:

Դե շատ դժվար է, երբ մենամարտում ես մրցակցի հարկի տակ: Մրցավարների հավասար պայմաններում, նույնիսկ փոքր առավելության դեպքում հաղթանակ կարող են շնորհել տեղացի բռնցքամարտիկին: Բայց ես պատրաստ եմ մենամարտել բոլորի հետ, որտեղ էլ որ պատահի: Հակառակ դեպքում, ինձ հետ ուղղակի չեն ուզում մենամարտել:

Վիկ, դու հիմա ընտանիքիդ հետ Երեւանում ես հանգստանալո՞ւ նպատակով:

Այո, հիմա հանգստանալու համար եմ եկել հայրենիք, եւ ընտանիքս էլ իմ կողքին է:

Երբեմն տեղեկություններ են հնչում, որ դու կարող է ավարտես ակտիվ մարզիկի կարիերադ:

Նման բան չկա: Ես դեռ շարունակելու եմ մարզվել, քանի որ շատ լավ եմ ինձ զգում ֆիզիկապես ու բացի այդ էլ դեռ նոր հաղթանակների եմ հասնելու ու ուրախացնելու իմ երկրպագուներին: Պարզապես հիմա չեմ կարող ասել, թե երբ եւ որտեղ դա տեղի կունենա:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով