13:17  ,  14 հուլիսի, 2014

Եվրոպացիների առաջին ոսկե մեդալը Հարավային Ամերիկայում. ուշագրավ փաստեր

Գերմանիան առաջին եվրոպական հավաքականն է, որին հաջողվել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալ Հարավային Ամերիկայում։

Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած եզրափակիչում Յոահիմ Լյովի թիմը նվազագույն հաշվով հաղթել է արգենտինացիներին՝ չորրորդ անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բացի այդ, երրորդ անգամ անընդմեջ աշխարհի չեմպիոն է դարձել եվրոպական հավաքական (Իտալիա, Իսպանիա, Գերմանիա)։ Դա ռեկորդային է բոլոր մայրցամաքների համար։ 

Բոլոր հավաքականները, որոնք աշխարհի չեմպիոն են դարձել երեքից ավելի անգամ, չորրորդ ոսկե մեդալները նվաճել են 24 տարի անց. Բրազիլիա (1970-1994), Իտալիա (1982-2006), Գերմանիա (1990-2014)։ Երրորդ անգամ անընդմեջ աշխարհի առաջնության եզրափակիչը չի ավարտվել հիմնական ժամանակում։

Մարիո Գյոտցեի խփած գոլը 171-րդն էր Բրազիլիայում անցկացված աշխարհի առաջնությունում։ Արգենտինացի դարպասապահ Սերխիո Ռոմերոյի գոլազուրկ շարքը հասել է 478 րոպեի։ Դա երրորդ արդյունքն է պատմության մեջ։ Մյունխենի «Բավարիայի» 6 ֆուտբոլիստներ հանդես են եկել գերմանացիների մեկնարկային կազմում։ Ռեկորդը պատկանում է Պրահայի «Սլավիային»՝ 8 ֆուտբոլիստներ Չեխիայի հավաքականում։

Եզրափակիչում արգենտինացիների՝ գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը կազմել է 36 տոկոս, ինչը վատագույն արդյունքն է արգենտինացիների պատմության մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս