12:56  ,  13 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Սուպերեզրափակիչի սպասումով

Աշխարհի առաջնությունը ֆուտբոլային աստղերի, մարզիչների, թիմերի ու երկրների բախում է: Աշխարհի ուժեղագույն հավաքականի կոչման համար պայքարում են թիմեր աշխարհի տարբեր հատվածներից, սակայն յուրաքանչյուր առաջնությունից առաջ գլխավոր ինտրիգներից մեկը հետեւյալն է՝ Եվրոպա, թե Հարավային Ամերիկա: Եվրոպական հավաքականներին երբեք չի հաջողվել հաղթել Հարավային Ամերիկայում անցկացված «Մունդիալում»: Հուլիսի 13-ին՝ Երեւանի ժամանակով 23:00-ին, Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում դա կփորձի անել Գերմանիայի հավաքականը, որը ԱԱ-2014-ի եզրափակիչում կհանդիպի Արգենտինայի թիմին:

Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականները նախկինում հանդիպել են 8 անգամ: Գերմանացիները հաղթել են 2 խաղում, 3 հանդիպում ավարտվել է ոչ ոքի, իսկ 3 մրցավեճերում ավելի ուժեղ են գտնվել արգենտինացիները: Վիճակագրությունը կարծես արգենտինացիների կողմն է, սակայն Բունդեսթիմը 2 հաղթանակները տարել է աշխարհի առաջնությունում, իսկ հարավամերիկացիներն առավելության են հասել ընկերական խաղերում: ԱԱ-2006-ի քառորդ եզրափակիչում եվրոպացիները հաղթել են հետխաղյա 11 մետրանոցներով, իսկ ԱԱ-2010-ում Դիեգո Մարադոնայի գլխավորած Արգենտինայի հավաքականը պարտվել է 0:4 հաշվով:

Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում գերմանացիները ցուցադրում են ամենավառ ֆուտբոլը: ԱԱ-2014-ի բացման խաղում Յոահիմ Լյովի թիմը 4:0 հաշվով հաղթեց պորտուգալացիներին, իսկ կիսաեզրափակիչում չնկատեց բրազիլացիներին՝ 7:1: Միեւնույն ժամանակ, արգենտինացիները եզրափակիչ հասան մեծ դժվարությամբ՝ ցուցադրելով անգույն ու անհետաքրքիր ֆուտբոլ: Արգենտինայի թիմը գլխավորող Ալեխանդրո Սաբելյան կարեւորում է միայն արդյունքը: Կիսաեզրափակիչում արգենտինացիներին օգնեց նաեւ հաջողության գործոնը, երբ նրանք հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին հոլանդացիներին:

Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականները «Մունդիալների» եզրափակիչում հանդիպել են 2 անգա: 1986-ին Արգենտինան հաղթել է լեգենդար Դիեգո Մարադոնայի օգնությամբ, իսկ 4 տարի անց ուժեղ են գտնվել գերմանացիները: Ո՞վ հաղթի այսօր. Եվրո-2008-ում ու ԱԱ-2010-ում իսպանացիների հետ եզրափակիչում խաղացած գերմանացիները, թե արգենտինացիները, որոնք վաղուց այսքան մոտ չեն եղել աշխարհի չեմպիոնական տիտղոսին: Հարավամերիկացիներն աշխարհի չեմպիոն դարձել են 2 անգամ (1978, 1986), իսկ եվրոպացիները՝ 3 (1954, 1974, 1990):

Մյուլեր vs Մեսի

«Մունդիալների» եզրափակիչում գլխավոր դերերում են թիմերի առաջատար խաղացողները: Լիոնել Մեսին ու Թոմաս Մյուլերը չափազանց կարեւոր ֆուտբոլիստներ են իրենց թիմերում եւ եզրափակիչում կլինեն ուշադրության կենտրոնում: Անցկացնելով ոչ այնքան հաջող ակումբային մրցաշրջան, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականին դուրս բերեց եզրափակիչ, թեեւ Բրազիլիայում եւս չի ցուցադրում իր լավագույն որակները: Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը Յոահիմ Լյովի մեքենայի գլխավոր մեխանիզմն է: Ամենահայտնի գերմանական ազգանունով ֆուտբոլիստը Գերմանիայի թիմի «համն ու հոտն» է: Մինչ 36-ամյա Միրոսլավ Կլոզեն 16 գոլով գերազանցում էր բրազիլացի Ռոնալդոյի ռեկորդը, Մյուլերը դարձավ գերմանացի ֆանատների սիրելին: Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է եւ կարող է խաղալ տարբեր դիրքերում:

ԱԱ-2014-ում Մյուլերը դարձել է 5 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Մեսին աչքի է ընկել 4 անգամ՝ կատարելով մեկ գոլային փոխանցում: Նրանք հետապնդում են ռմբարկուների ցուցակը գլխավորող կումբացի Խամես Ռոդրիգեսին, ով դարձել է 6 գոլի հեղինակ:

Հավանական կազմեր 

Գերմանիա. Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Բենեդիկտ Հյովեդես, Սամի Խեդիրա, Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ, Թոմաս Մյուլեր, Միրոսլավ Կլոզե:

Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Էզեկյել Գարայ, Մարտին Դեմիչելիս, Մարկոս Ռոխո, Խավյեր Մասկերանո, Լուկաս Բիլիա, Ֆերնանդո Գագո, Էզեկյել Լավեսի, Լիոնել Մեսի, Գոնսալո Իգուաին:

Հուլիսի 13, Ռիո դե Ժանեյրո, «Մարականա» ստադիոն

ԱԱ-2014, եզրափակիչ

Գերմանիա – Արգենտինա՝ 23:00

Գլխավոր մրցավար՝ Նիկոլա Ռիցոլի (Իտալիա)

Որակազրկված ֆուտբոլիստներ չկան

Վնասվածք ստացած խաղացողներ՝ Շկորդան Մուստաֆի – Անխել դի Մարիա (հարցականի տակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով