10:29  ,  8 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Բրազիլիա - Գերմանիա. Սուպերդիմակայության սպասումով

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հուլիսի 8-ին տեղի կունենա կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը: Բելու Օրիզոնտիի «Մինեյրաո» ստադիոնում կմրցեն Բրազիլիայի եւ Գերմանիայի հավաքականները՝ վաղաժամ եզրափակիչի հրաշալի ազդագիր, թեեւ Հոլանդիայի եւ Արգենտինայի երկրպագուները այդպես չեն կարծի: Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի մեքսիկացի Մարկո Ռոդրիգեսը, որը Իտալիայի եւ Ուրուգվայի սկանդալային խաղում հեռացրեց Մարկիզիոյին եւ չնկատեց, թե ինչպես Լուիս Սուարեսը կծեց Ջորջո Կյելինիի ուսը:

Քառորդ եզրափակիչը հատկապես ծանր էր Բրազիլիայի հավաքականի համար, որը 2:1 հաշվով հաղթեց Կոլումբիայի թիմին, սակայն կորցրեց Նեյմարին եւ Տիագո Սիլվային: Հարձակվողը ծանր վնասվածք ստացավ, իսկ պաշտպանը՝ երկրորդ դեղին քարտն այս մրցաշարում:

Գերմանիայի հավաքականի համար Ֆրանսիայի դեմ քառորդ եզրափակիչ խաղը մի փոքր չափազանցնելու դեպքում, կարելի է համարել մարզումային: Կենտրոնական պաշտպան Մատս Հումելսի գոլն ու գերազանց գործողությունները եւ դարպասապահ Մանուել Նոյերի տաղանդավոր խաղը ապահովեցին նվազագույն հաշվով հաղթանակը:

Բրազիլիան ու Գերմանիան նախքան այս հանդիպել են 21 անգամ: 12 հաղթանակ ունի Բրազիլիան, 5 հանդիպում ավարտվել է ոչ ոքի, իսկ Գերմանիան հաղթել է միայն 4 խաղում: Խփած եւ բաց թողած գոլերով եւս առավելությունը Բրազիլիայի կողմն է՝ 39:24:

2002թ. աշխարհի առաջնության եզրափակիչում բրազիլացիները Գերմանիային հաղթեցին 2:0 հաշվով: Երկու գնդակն էլ խփեց Ռոնալդոն: Այն ժամանակ եւս Բրազիլիայի գլխավոր մարզիչը Լուիս Ֆելիպե Սկոլարին էր: Այդ հանդիպման մասնակիցներից հուլիսի 8-ին հայտավորված է միայն մեկ ֆուտբոլիստ՝ Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն, որին միայն մեկ գոլ է պետք  աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների մրցավազքում Ռոնալդոյին շրջանցելու համար: Այժմ երկուսն էլ ունեն 15 գնդակ:

Այս առաջնությունում Բրազիլիան չի ցուցադրում բարձրակարգ ու որակյալ ֆուտբոլ, սակայն հաղթում է հսկայական ցանկության ու եռանդի, միլիոնավոր երկրպագուների մոլեռանդ աջակցության շնորհիվ: Քիչ դեր չի խաղում նաեւ կլիման ու եղանակը, որին բնականաբար ավելի լավ են պատրաստ բրազիլացիները: Գերմանիան չափազանց բարձր կարգի, վարպետության, կարգապահության ու հսկայական փորձի շնորհիվ չնչին առավելություն է ստանում մասնագետների կողմից: Սակայն մեծ նշանակություն կունենա առաջին գոլը: Երկու թիմերն էլ ունեն հաշիվ պահելու անհրաժեշտ ներուժ: Եվրոպացիների համար Բրազիլիայի ծանր կլիմայական ու եղանակային պայմանները, մոտ մեկ ամսվա ընթացքում կուտակված հոգնածությունը կարող են խաղը դարձնել մեկ դրվագի դիմակություն:

Բրազիլիա - Գերմանիա հանդիպումը Երեւանի ժամանակով կեսգիշերին է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով