02:32  ,  2 հուլիսի, 2014

ԱԱ-2014. Բելգիա - ԱՄՆ՝ հանճարեղ խաղ

Բելգիայի հավաքականը դարձավ Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին՝ 8-րդ մասնակիցը: 1/8 եզրափակիչում բելգիացիները լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեցին ամերիկացիներին: Սալվադորում կայացած խաղի աչքի հիմնական ժամանական ավարտվեց 0:0 հաշվով:

Բելգիացիները շատ ագրեսիվ սկսեցին խաղը եւ արդեն առաջին րոպեին կարող էին բացել հաշիվը, սակայն ֆրանսիական «Լիլի» 19-ամյա հարձակվող Դիվոկ Օրիջին, մեն-մենակ դուրս գալով Թիմ Հովարդի դեմ, չկարողացավ գրավել դարպասը: Ամերիկացիները հանդիպման սկզբից խաղում են երկրորդ համարով՝ անցկացնելով վտանգավոր հակագրոհներ: Առաջին խաղակեսում Բելգիայի հավաքականից իրական գոլային պահ կորցրեց նաեւ գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն: Մեկնարկային 45 րոպեներն անցնում էին դիտարժան պայքարում եւ երկկողմանի գորհներով:

Ընդմիջումից հետո բելգիացիների առավելությունը հսկայական էր: Բելգիայի հավաքականն անցկացնում էր վտանգավոր գրոհներ, սակայն Թիմ Հովարդը մեկը մյուս հետեւից փրկում էր ամերիկացիներին: «Էվերտոնի» դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս եկավ նաեւ նրա ակումբակից Կեւին Միրալյասը, ով նույնպես դիպուկ չգտնվեց:

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Բելգիայի թիմը խփեց 2 արագ գոլ: Երկու գոլերում էլ մեծ դերակատարում ունեցավ փոխարինման դուրս եկած Ռոմելու Լուկակուն: Նախ «Էվերտոնի» հարձակվողը 93-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Կեւին դե Բրույնեին, իսկ 12 րոպե անց ինքը կրկնապատկեց եվրոպացիների առավելությունը: Ամերիկացիները չընկճվեցին, իսկ 107-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը: Փոխարինման դուրս եկած 19-ամյա Յուլիան Գրինի գոլից հետո էլ ԱՄՆ-ի հավաքականն ունեցավ գոլային պահեր, բայց լարված վերջնամասում Յուրգեն Կլինսմանի թիմին չհաջողվեց խուսափել պարտությունից:

Քառորդ եզրափակիչում Բելգիայի հավաքականը կհանդիպի արգենտինացիրներին:

ԱԱ-2014, 1/8 եզրափակիչ

Բելգիա – ԱՄՆ՝ 2:1

Կեւին դե Բրույնե, 93, Ռոմելու Լուկակու, 105 - Յուլիան Գրին, 107

Բելգիա. Տիբո Կուրտուա, Տոբի Ալդերվեյրելդ, Դանիել վան Բույտեն, Վենսան Կոմպանի, Յան Վերտոնգեն, Ակսել Վիտցել, Մարուան Ֆելաինի, Կեւին դե Բրույնե, Էդեն Ազար (Նասեր Չադլի, 111), Դրենս Մերտենս (Կեւին Միրալյաս, 60), Դիվոկ Օրիջի (Ռոմելու Լուկակու, 91):

ԱՄՆ. Թիմ Հովարդ, Ֆաբիան Ջոնսոն (Դեանդրե Յեդլին, 32), Ջեֆ Քեմերոն, Մեթ Բեսլեր, ԴաՄարկուս Բիզլի, Ջերմեյն Ջոնս, Օմար Գոնսալես, Գրեմ Ժուսի (Կրիս Վանդալովսկի, 72), Մայքլ Բրեդլի, Ալեխանդրո Բեդոյա (Յուլիան Գրին, 107), Քլինթ Դեմփսի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով