02:56  ,  30 հունիսի, 2014

ԱԱ-2014. Կոստա Ռիկայի հերթական «զոհը» հույներն էին

Ֆուտբոլի Կոստա Ռիկայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակիչում «մահվան» խմբում հաղթած կոստառիկացիները հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասան հույների նկատմամբ: Ռեսիֆիում անցկացված խաղի հիմնական ժամանակում գրանցվեց 1:1 հաշիվը, իսկ եվրոպացիները պարտությունից խուսափեցին ավելացված ժամանակում:

Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով եւ ավարտվեց 0:0 հաշվով: Կոստառիկացիները սկզբնամասում ունեին տարածքային առավելություն, բայց մեկնարկային 45 րոպեներն անցան հավասար պայքարում: 2 թիմերն անցկացնում էին գրոհներ, սակայն ավելի վտանգավոր էին գրոհում հույները: Ամենաիրական գոլային պահն առաջին խաղակեսի վերջնամասում ունեցավ հույն հարձակվող Դիմիտրիս Սալպինգիդիսը, ով վրիպեց հարմար դիրքից:

Ընդմիջումից հետո Կոստա Ռիկան առաջ անցավ հաշվի մեջ, ինչից հետո անցավ խորը պաշտպանության: 52-րդ րոպեին հաշիվը բացեց հոլանդական ՊՍՎ-ի կիսապաշտպան Բրայան Ռուիզը, ում գոլից հետո հույներն ակտիվացան: 66-րդ րոպեին Կոստա Ռիկայից կարմիր քարտ ստացավ բելգիական «Բրյուգեի» պաշտպան Օսկար Դուարտեն: Դրանից հետո Հունաստանի թիմի առավելությունն ակնհայտ էր: Խաղի մնացած ժամանակահատվածում Հունաստանի հավաքականն անդադար գրոհում էր, բայց հաշիվը հավասարեցրեց միայն 91-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը, ով հանդիպումը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ:

Ավելացված 30 րոպեներին քանակական առավելություն ստացած հույները շատ ավելի վտանգավոր էին գրոհում, բայց հաղթանակ կորզել չհաջողվեց: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ ավելի ամուր գտնվեցին կոստառիկացիների նյարդերը: Հույներից վրիպեց միայն Թեոֆանիս Գեկասը, իսկ հյուսիամերիկացիներն իրացրին 5 անթերի 11 մետրանոց:

Քառորդ եզրափակիչում Կոստա Ռիկան կխաղա Հոլանդիայի հավաքականի հետ:

ԱԱ-2014, 1/8 եզրափակիչ

Կոստա ՌիկաՀունաստան՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 5:3)

Բրայան Ռուիզ, 52 – Սոկրատիս Պապաստատոպուլոս, 90+1

Հեռացում՝ Օսկար Դուարտե, 66 (Կոստա Ռիկա)

Կոստա Ռիկա.  Կեյլոր Նավաս, Խունիոր Դիաս, Միկայել Ումանյա, Ջանկարլո Գոնսալես, Օսկար Դուարտե, Կրիստիան Գամբոա (Ջոնի Ակոստա, 77), Կրիստիան Բալանյոս (Ռանդալ Բրյոնես, 83), Ելցին Տեհեդա (Խոսե Կուբերու, 66), Սելսո Բորխես, Բրայան Ռուիզ, Ֆրեյզեր Քեմբել:

Հունաստան. Օրեստիս Կարնեզիս, Կոստաս Մանոլաս (Կոստանտինոս Կացուրանիս, 78), Վասիլիս Թորոսիդիս, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Խոսե Հոլեբաս, Յանիս Մանիատիս, Անդրեաս Սամարիս (Կոստաս Միտրօղլու, 58), Գեորգիոս Կարագունիս, Լազարոս Հրիստոդուլոպուլոս, Գեորգիոս Սամարաս, Դիմիտրիս Սալպինգիդիս (Թեոֆանիս Գեկաս, 69):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով