00:51  ,  21 հունիսի, 2014

ԱԱ-2014. Ֆրանսիայի տպավորիչ հաղթանակը Շվեյցարիայի նկատմամբ՝ 5:2

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը չափազանց տպավորիչ հաղթանակ տարավ Շվեյցարիայի թիմի նկատմամբ: Դիդյե Դեշամի ղեկավարած թիմը հաղթեց 5:2 հաշվով: Քարիմ Բենզեման էլ դեռ չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոցը: Շվեյցարացիների դարպասապահ Դիեգո Բենալյոն հետ մղեց հարվածը: Յոհան Կաբայի հարվածից հետո էլ Շվեյցարիային գոլից փրկեց դարպասաձողը:

Ֆրանսիան հաշիվը բացեց 17-րդ րոպեին Օլիվյե Ժիրուի գոլի շնորհիվ: Փոխանցումը կատարեց Բենզեման: Հենց հաջորդ գրոհի ժամանակ Բլեզ Մատյուիդին կրկնապատկեց հաշիվը:  40-րդ րոպեին Մաթյո Վալբուենան հաշիվը դարձրեց 3:0: Քարիմ Բենզեման եւս անմասն չմնաց գոլային «հրավառությունից»: 67-րդ րոպեին խորքից փոխանցում կատարեց Պոլ Պոգբան եւ «Ռեալի» հարձակվողը գրավեց մրցակցի դարպասը: Վեց րոպե անց Բենզեման դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Աչքի ընկավ Մուսա Սիսոկոն: 

Շվեյցարիան պատասխանեց միայն մեկ գոլով: 81-րդ րոպեին Բլերիմ Ջեմաիլին մոտ 30 մետրից իրացրած տուգանային հարվածով անակնկալի բերեց Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսին: Հանդիպման ավարտից երեք րոպե առաջ Գրանիտ Ջական խփեց շվեյցարացիների երկրորդ գնդակը: Ավելացված րոպեներին կարող էչ դուբլ ձեւակերպել Քարիմ Բենզեման, սակայն նա դարպասը գրավեց եզրափակիչ սուլիչի հետ: 

Ֆրանսիան վաստակեց 6 միավոր եւ վերջին տուրում կմրցի Էկվադորի հետ: Շվեյցարիան ունի 3 միավոր: Առաջին տուրում պարտություններ կրած Հոնդուրասն ու Էկվադորը խաղադաշտ դուրս կգան մեկ ժամ հետո:

ԱԱ-2014. E խումբ, երկրորդ տուր

Շվեյցարիա - Ֆրանսիա՝ 2:5

Ջեմաիլի, 81, Ջակա, 87 - Ժիրու, 17, Մատյուիդի, 18, Վալբուենա, 40, Բենզեմա, 67, Սիսոկո, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով