00:51  ,  20 հունիսի, 2014

ԱԱ-2014. Սուարեսի հաղթական դուբլը, Անգլիայի երկրորդ պարտությունը

Անգլիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկեց 2 պարտություններով: Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնության երկրորդ տուրում անգլիացիները 1:2 հաշվով պարտվեցին Ուրուգվայի հավաքականին, որի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը:

Սան Պաուլուում կայացած հանդիպման մեկնարկային 45 րոպեներին խաղադաշտում փակ ֆուտբոլ էր: 2 թիմերն էլ անցկացնում էին գրոհներ, սակայն ավելի մեծ ուշադրություն էին դարձնում պաշտպանությանը: Ավելի վտանգավոր էին գրոհում ուրուգվայցիները, ովքեր խաղադաշտի կենտրոնում գերազանցում էին մրցակցին: Խաղի հաշիվը 39-րդ րոպեին բացեց Լուիս Սուարեսը, ով վերջերս է վերականգնվել ծնկի վիրահատությունից: Անգլիացիներն ունեին տարածքային առավելություն, բայց առաջին խաղակեսում ստեղծեցին միայն մեկ գոլային պահ, երբ Ուեյն Ռունիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում թիմերը փոխանակվեցին մեկական իրական գոլային պահերով: Եթե ուրուգվայցի Էդինսոն Կավանիի հարվածը հարմար դիրքից շեղ ստացվեց, ապա Ուեյն Ռունիի հարվածից հետո Ստամբուլի «Գալաթասարայի» դարպասապահ Ֆերնանդո Մուսլերան փրկեց հարավամերիկացիներին: Ընդմիջումից հետո անգլիացիներն ունեին խաղային եւ տարածքային նկատելի առավելություն, սակայն ուրուգվայցիներն անթերի էին գործում պաշտպանությունում: 75-րդ րոպեին Ուրուգվայի հավաքականի պաշտպանությունն առաջին անգամ սխալվեց այս խաղում, իսկ Ուեյն Ռունին Գլեն Ջոնսոնի անցումից եւ հիանալի փոխանցումից հետո իր առաջին գոլը խփեց աշխարհի առաջնություններում: Գոլից հետո անգլիացիները շարունակում էին գրոհել, բայց քիչ անց նվազեցրին ճնշումը, իսկ ուրուգվայցիները 85-րդ րոպեին դարձյալ առաջ անցան հաշվի մեջ: Հակագրոհի արդյունքում Սուարեսը դարձավ դուբլի հեղինակ՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Ուրուգվայցիները D խմբում 3 միավորով հավասարվեցին Իտալիային ու Կոստա Ռիկային, որոնք մեկական խաղ պակաս են անցկացրել եւ կհանդիպեն հունիսի 20-ին: Անգլիայի հավաքականը միավոր չի վաստակել եւ հայտնվել է չափազանց բարդ իրավիճակում:

ԱԱ-2014, D խումբ, երկրորդ տուր

ՈւրուգվայԱնգլիա՝ 2:1

Լուիս Սուարես, 39, 85 – Ուեյն Ռունի, 75

Ուրուգվայ. Ֆերնանդո Մուսլերա, Մարտին Կասերես, Խոսե-Մարիա Խիմենես, Դիեգո Գոդին, Ալվարո Պերեյրա (Խորխե Ֆուսիլե, 78), Արեւալո Ռիոս, Նիկոլաս Լոդեյրո (Կրիստիան Ստուանի, 67), Ալվարո Գոնսալես, Կրիստիան Ռոդրիգես, Էդինսոն Կավանի, Լուիս Սուարես (Սեբատիան Կոատես, 89):

Անգլիա. Ջո Հարթ, Գլեն Ջոնսոն, Ֆիլ Ջագելկա, Գերի Կեհիլ, Լեյթոն Բեյնս, Ստիվեն Ջերարդ, Ջորդան Հենդերսոն (Ռիկի Լամբերտ, 87), Դենի Ուելբեկ (Ադամ Լալանա, 71), Ռահիմ Ստերլինգ (Ռոս Բարկլի, 64), Ուեյն Ռունի, Դանիել Սթարիջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով