00:55  ,  19 հունիսի, 2014

ԱԱ-2014. Իսպանիա - Չիլի՝ 0:2. Աշխարհի չեմպիոնը չհաղթահարեց խմբային փուլի արգելքը

Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության խմբային փուլի ավարտից հետո կվերադառնա տուն: ԱԱ-2014-ի երկրորդ տուրում իսպանացիները 0:2 հաշվով պարտվեցին Չիլիի հավաքականին եւ, կրելով երկրորդ պարտությունը, Ավստրալիայի պես զրկվեցին փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հնարավորությունից:

Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած խաղը սկսվեց չիլիացիների գրոհներով: Հարավամերիկացիները կարող էին շատ արագ բացել հաշիվը, սակայն չստացվեց: Հանդիպման առաջին իրական գոլային պահը 15-րդ րոպեին ունեցավ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, ում հարվածից հետո չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոն գործեց իր ազգանվանը համապատասխան: 20-րդ րոպեին Չիլիի թիմն անցկացրեց արտակարգ գրոհ, որը եզրափակեց իսպանական «Վալենսիայի» հարձակվող Էդուարդո Վարգասը՝ բացելով հաշիվը: Այս գոլից հետո եւս չիլիացիները շարունակում էին ցուցադրել կրքոտ խաղ, սակայն չէին կարողանում ստեղծել գոլային պահեր, իսկ իսպանացիներն ունեցան եւս մեկ պահ, որը դարձյալ չօգտագործեց Խաբի Ալոնսոն: 44-րդ րոպեին «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբի կիսապաշտպան Չարլզ Արագունիսը կրկնապատկեց չիլիացիների առավելությունը եւ թիմերն ընդմիջման գնացին 0:2 հաշվի ժամանակ: Առաջին խաղակեսում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը ոչնչով չգերազանցեց չիլիացիներին, ովքեր մրցակից ավելի արագ էին:

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց իսպանացիների գրոհների ներքո: Մոտ 15 րոպե Չիլիի թիմը չէր կարողանում դուրս գալ սեփական կիսադաշտից: Հաշիվը կրճատելու ամենաիրական պահն ունեցավ «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, ով չկարողացավ գրավել դատարկ դարպասը: Չիլիացիներն աստիճանաբար խաղը հեռացրին իրենց դարպասից՝ սկսելով անցկացնել վտանգավոր հակագրոհներ: Վիսենտե Դել Բոսկեի փոփոխությունները եւս ոչինչ չտվեցին իսպանացիներին, ովքեր չկարողացան փրկել խաղը: Հարավամերիկացիներին մի քանի անգամ գոլից փրկեց հիանալի խաղ անցկացրած Կլաուդիո Բրավոն իսպանական «Ռեալ Սոսյեդադից»: 

Այսպիսով, B խմբից փլեյ-օֆֆ դուրս եկեն Հոլանդիայի եւ Չիլիի հավաքականները, որոնք երրորդ տուրում կպարզեն խմբի հաղթողին: Իսպանացիներն ու ավստրալացիները կպայքարեն խմբի հետնապահ չլինելու համար:

ԱԱ-2014, B խումբերկրորդ տուր

Իսպանիա - Չիլի՝ 0:2 

Էդուարդո Վարգաս, 20, Չարլզ Արագունիս, 44

Իսպանիա. Իկեր Կասիլյաս, Սեզար Ասպիլիկուետա, Խավի Մարտինես, Սերխիո Ռամոս, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Խաբի Ալոնսո (Կոկե, 46), Դավիդ Սիլվա, Անդրես Ինյեստա, Պեդրո Ռոդրիգես (Սանտի Կասորլա, 76), Դիեգո Կոստա (Ֆերնանդո Տորես, 64):

Չիլի. Կլաուդիո Բրավո, Մաուրիսիո Իսլա, Յուժանո Մենա, Գարի Մեդել, Գոնսալո Խարա, Մարսելո Դիաս, Չարլզ Արագունիս (Ֆելիպե Գուտյերես, 64), Արտուրո Վիդալ (Կարլոս Կարմոնա, 88), Ֆրանցիսկո Սիլվա, Էդուարդո Վարգաս (Խորխե Վալդիվիա, 84), Ալեքսիս Սանչես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով