13:53  ,  19 մայիսի, 2014

Հակոբ Սերոբյան. Աշխարհի Գավաթից հետո մեզ բոլորն ավելի լուրջ են ընդունում, տեսնում են, որ Հայաստանն ուժեղացել է

Աշխարհի Գավաթից հետո մեզ բոլորն ավելի լուրջ են ընդունում, մեզանով հետաքրքրվում են շատ լուրջ, քանի որ արդեն տեսնում են, որ Հայաստանն ուժեղացել է: Մենք մեր հաջողությամբ ձեռք ենք բերել բազմաթիվ մրցակիցներ, ինչպես նաեւ խոչընդոտներ, քանի որ նույնիսկ մրցավարներն են մեզանից զգուշանալու: Մեդալների համար, մրցանակային տեղերի համար, եզրափակիչ մտնելու համար պայքարելու ենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Մայիսի 19-25-ը Սոֆիայում կանցկացվի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը կմասնակցի 5 մարմնամարզիկներով: Մարմնամարզության Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաքներ սովորաբար չի անցկացնում Ծաղկաձորում, Աբովյան քաղաքում, ինչպես մյուս մարզաձեւերը,, այդ թվում` ըմբշամարտ, բռնցքամատ, ծանրամարտ: Հավաքների բացակայության պատճառն, ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, պայմանների, նոր մարզագործիքների եւ գումարի բացակայությունն է: Եվրոպայի առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականը մարզվել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում:

Պարոն Սերոբյան, ովքե՞ր են Հայաստանը ներկայացնելու Սոֆիայիում կայանալիք Եվրոպայի առաջնությունում:

Հանդես ենք գալու 5 մարզիկներով` 4-ը մեծերի հավաքականից եւ մեկ մարզիկ երիտասարդականից, ով պետք է պայքարի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Մեծահասակներից Արթուր Դավթյանը հանդես կգա բազմամարտում: Արթուրի հիմնական վարժությունը հենացատկն է, նա պետք է լավ կատարի իր վարժությունը: Հարություն Մերդինյանը նժույգ թափերում է հանդես գալու: Նա մեծ շանսեր ունի, քանի որ բավական բարդ վարժություն է կատարում: Օղակների վրա հանդես կգան Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը: Նրանք եւս բարդ վարժություն են կատարում: Երիտասարդներից օլիմպիական ուղեգրի համար պայքարի մեջ կմտնի Վիգեն Խաչատրյանը 6 գործիքով: 90 տոկոս հավանականությամբ Վիգենը ձեռք կբերի այդ ուղեգիրը, քանի որ նրանից ակնկալիք ունեմ, որ կմտնի եզրափակիչ:  Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 230 մարմնամարզիկներ, որոնցից միայն 8-ն են առանձին գործիքներում դուրս գալու եզրափակիչ: Ես վստահ եմ, որ մենք եզրափակիչ դուրս կգանք: Դեռեւս միայն այս ակնկալիքն ունեմ տղաներից, որ այդ 8 տեղերից մեկը մերը լինի: Իսկ թե ինչ  արդյունք կլինի եզրափակիչում, պարզ կլինի հետո:

Մի փոքր անհանգստություն կա, նաեւ զայրացած եմ տղաների վրա, որ մարզումների ժամանակ  ցույց չեն տալիս այն արդյունքն, ինչ ակնկալում եմ տեսնել մրցահարթակում եւ զայրանում եմ նրա համար, որ կարողանում են, պետք է անեն, բայց չեն անում: Վերջին մարզումն է, իսկ նրանք այն չեն ցույց տալիս, ինչ պետք է տեսնեմ:

Գուցե հուզմո՞ւնքն է տղաներին խանգարում:

Չպետք է լինի նման բան, մեր մարմնամարզիկները փորձառու են, նրանք առաջին անգամ չեն մասնակցում Եվրոպայի առաջնությանը եւ թույլ չեն: 5 տարի առաջ չկար անհանգստություն մրցումներից առաջ, չէի զայրանում տղաների վրա, որ մի վարժությունը կատարելիս մի էլեմենտ սխալ էին անում: Այն ժամանակ այս հնարավորությունը չունեինք, այս արդյունքները չունեինք: Հիմա ամեն ինչ այլ է: Քանի ուժեղանում ենք, այնքան ավելի մանր էլեմենտների վրա ենք ուշադրություն դարձնում, արդեն կես տասնորդականի համար ենք այսօր կռիվ տալիս, այդ պատճառով իմ նյարդերը հասնում են գագաթնակետին: Ես պարտավոր եմ պահանջել: Երբ հնարավորությունը զրո է, արդեն բոլորիս համար էլ սովորական են մարզումները: Բայց սա այդ դեպքը չէ, ունենք եզրափակիչ մտնելու եւ տեղ գրավելու բոլոր հնարավորությունները: Ակնհայտ է, որ մենք այսօր բավականաչափ առաջ ենք գնացել` չնայած դժվարին պայմաններին, հնամաշ գործիքներին:

Պարոն Սերոբյան, դուք նաեւ միջազգային կարգի մրցավար եք: Եվրոպայի առաջնությունում կլինե՞ք մրցավարական կազմում:

Այո, արդեն նշանակված եմ: Ես գլխավոր մրցավարն եմ օղակների վարժությունում: Եւս մեկ մրցավար կունենանք Հայաստանից` Սոս Սարգսյանը: Թե որ գործիքի մրցաշարն է  դատելու նա, պարզ կլինի տեղում: Մրցավարական կազմում լինելն ունի իր առավելությունները, բնակաբար: Ճիշտ է, մարմնամարզությունը շատ սուբյեկտիվ մարզաձեւ է, գնահատականներ են դնում, եւ եթե կա ներկայացուցիչ տվյալ երկրից եւ լուրջ մարդ է լինում, ուղղակի չեն կարող քիչ նշանակել: Ես չեմ ցանկանում ինքս ինձ գովել, բայց իմ ներկայությունն այնտեղ կօգնի, որ մեզ նշանակեն այնպիսի միավորներ, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանին:

Աշխարհի Գավաթից մեր մարմնամարզիկները վերադարձան մեդալներով, ունեցանք նաեւ ոսկե մեդալ: Որքանո՞վ եք հնարավոր համարում Եվրոպայի առաջնությունում աշխարհի գավաթի հաջողությունը կրկնելը:

Իմ կարծիքով դա հնարավոր չէ, քանի որ նույնիսկ մենք ենք զարմացել, թե ինչպես է ստացվել, ինչպես կարող էինք այդօրինակ հաջողություն գրանցել: Աշխարհի Գավաթից հետո մեզ բոլորն ավելի լուրջ են նայում, մեզանով հետաքրքրվում են շատ լուրջ, քանի որ արդեն տեսնում են, որ Հայաստանն ուժեղացել է: Մենք մեր հաջողությամբ ձեռք ենք բերել բազմաթիվ մրցակիցներ, ինչպես նաեւ խոչընդոտներ, քանի որ նույնիսկ մրցավարներն են մեզանից զգուշանալու: Մեդալների համար, մրցանակային տեղերի համար, եզրափակիչ մտնելու համար պայքարելու ենք: Թե ինչ կլինի, պարզ կլինի մրցումներից հետո:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով