15:54  ,  10 մայիսի, 2012

Արթուր Աբրահամ. Դեւիդ Հեյը կհաղթի Դերեկ Չիսորային

Բրիտանացի գերծանրքաշային բռնցքամարտիկներ Դերեկ Չիսորայի եւ Դեւիդ Հենի մենամարտում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կանխատեսում է Դեւիդ Հեյի հաղթանակը։ Այդ մասին Աբրահամն ասել է՝ պատասխանելով NEWS.am Sport-ի թղթակցին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

«Դերեկ Չիսորայի մասին լավ կարծիք չունեմ։ Այն, ինչ արեց Չիսորան Մյունխենում սպորտային քայլ չէր: Սպորտի հետ կապ չուներ: Շատ տգեղ էր սպորտի համար, ինչպես նաեւ բոլորիս համար: Հենց այդ պատճառով էլ նրան որակազրկեցին: Առաջիկայում սպասվող մենամարտում, որտեղ Դերեկ Չիսորան մենամարտելու է բրիտանացի Դեւիդ Հեյի հետ, կհաղթի Դեւիդը, քանի որ նա շատ լավ բռնքամարտիկ է: Չիսորան էլ է լավ բռնցքամարտիկ է, բայց Դեւիդ Հեյը կհաղթի»,- հայտարարել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Բռնցքամարտի բրիտանական խորհուրդն անորոշ ժամանակով որակազրկեց Չիսորային ոչ մարզական վարքի` Վիտալի Կլիչկոյին ապտակելու, Վլադիմիր Կլիչկոյի դեմքին ջրով թքելու եւ Դեւիդ Հեյի հետ ծեծկռտուքի մեջ մտնելու համար:

Սակայն Լյուքսեմբուրգի բռնցքամարտի խորհուրդը թույլատրել է Դեւիդ Հեյին (25-2, 23 նոկաուտ) եւ Դերեկ Չիսորային (15-3, 9 նոկաուտ) մենամարտել։ Հիշեցնենք, որ  հուլիսի 14-ին կայանալիք Հեյ - Չիսորա մենամարտը բրիտանական մամուլը որակել է «դարի մենամարտ»: Բռնցքամարտի բրիտանական խորհուրդը երկուսին էլ զրկել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի արտոնագրից։
Մենամարտի պրոմոուտերը «Զաուերլանդ» ընկերությունն է: Սպասվում  է մոտ 40 հազար հանդիսականների ներկայություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում