18:22  ,  25 ապրիլի, 2014

Աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյան. Հաղթանակս նվիրում եմ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Շատ ուրախ եմ, որ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը ես դարձա աշխարհի չեմպիոն: Այս հաղթանակն իմը չեմ համարում, սա մեր ժողովրդի հաղթանակն է, քանի որ նվիրում եմ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի աշխարհի երիտասարդների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 51 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Անուշ Գրիգորյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Անուշ, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալու կապակցությամբ: Դու ընդամենը 17 տարեկան ես եւ արդեն երիտասարդների աշխարհի չեմպիոն: Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար այս հաղթանակը:

Շատ ուրախ եմ, աննկարագրելի է իմ ուրախությունը: Այն կրկնապատիկ է, քանի որ ես այդ հաղթանակը ձեռք բերեցի հենց ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Այս հաղթանակն իմը չեմ համարում, սա մեր ժողովրդի հաղթանակն է, քանի որ նվիրում եմ 1915 թվականի հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Գտնում եմ, որ նրանց շնորհիվ է՝ այսօր մեր հայրենիքը կա, եւ ես այդ հայրենիքի ներկայացուցիչն եմ, ու աշխարհի առաջնությունում ներկայացնում եմ Հայաստանը: Ես դրա համար միայն հպարտ եմ:

Այդ հպարտությունն առավել զգացի պատվո հարթակին կանգնելիս, մեդալը ստանալիս եւ Հայաստանի դրոշը ամենաբարձր տեղում տեսնելիս: Անբացատրելի զգացողություն է: Դա միայն ապրել է պետք:

Սպասո՞ւմ էիր այս հաղթանակին:

Ես անձամբ ոչ, բայց ցանկությունս մեծ էր, այսինքն՝ նպատակ էր դա ինձ համար, որի իրականացման համար այդքան էլ վստահ չէի: Բայց մարզիչներս սպասում էին իմ հաղթանակին, նրանց խոսքով՝ վստահ էին, որ ես կկարողանամ դա անել: Այժմ երբ դարձա չեմպիոն, ավելի հպարտ եմ, որ կարողացա մարզիչներիս սպասելիքներն արդարացնել: Փաստորեն, նրանք ավելի շատ սպասելիքներ ունեին, քան ես՝  ինքս ինձնից:

Դու պարտության մարտնեցիր երկու աշխարհի չեմպիոնի: Դժվա՞ր տրվեց քեզ այս հաղթանակը:

Իհարկե: Չեմ կարող ասել, թե  հեշտ էր: Միշտ էլ հաղթանակի հասնելու պայքարը դժվար է լինում: Շատ դժվար էր: Բոլոր մրցակիցներս էլ ուժեղ էին: Թույլ մասնակից չկար: Մասնավորապես, վերջին մրցակիցս՝ իտալուհին շատ ուժեղ էր, հարվածները՝ դիպուկ: Բայց ես իմ առջեւ ունեի նպատակ եւ իրավունք չունեի այդ օրը պարտվել: Ես միայն մտածում էի հաղթանակի մասին: Այս մրցաշարին մասնակցելը, ապրիլի 24-ին ռինգ դուրս գալը շատ կարեւոր էր ինձ համար: Ես ինքս ինձ պարբերաբար կրկնում էի, որ պարտավոր եմ հաղթել հենց այդ օրը եւ պետք է ուրախացնեմ իմ ազգին այդ օրը: Դա իմ մեծ նպատակն էր ռինգ դուրս գալուց առաջ եւ ամբողջ  մենամարտի ընթացքում:

Անուշ, որքա՞ն ժամանակ ես զբաղվում բռնցքամարտով եւ ամենամեծ նվաճումդ ո՞րն է եղել մինչ օրս:

Բռնցքամարտով զբաղվում եմ չորս տարի՝ 13 տարեկանից: Անցյալ տարի պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրի երկրորդ տեղը: Դա հիմք հանդիսացավ, որ ես աշխարհի առաջնությունում պարտադիր առաջին տեղը զբաղեցնեմ եւ կանգնեմ չեմպիոնի պատվո հարթակին: Երբ ընտրեցի այս մարզաձեը՝ որպես ինձ ապագա մասնագիտություն, ինձ շրջապատող մարդիկ եւ, ամենակարեւոր,  ծնողներս դեմ չգնացին իմ ցանկությանը: Դա ինձ ուժ տվեց՝ հավատացի ինքս իմ ուժերին եւ հաջողություններ գրանցեցի բռնցքամարտում:

Ո՞րն է լինելու քո հաջորդ քայլը:

Այս պահին դեռ չգիտեմ, թե ինչ մրցաշարեր կլինեն, բայց պետք է պատրաստվեմ Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերին, քանի որ արդեն ունեմ ուղեգիրը: Իսկ Օլիմպիական խաղերին մասնակցելն իմ կյանքի, թերեւս, ամենամեծ երազանքն է եղել:

Դա սպորտում, իսկ առհասարակ ի՞նչ երազանք ունես:

Դառնալ օլիմպիական չեմպիոն: Բայց դա բացի երազանքից նաեւ նպատակ է: Այնպես, ինչպես նպատակ էր աշխարհի չեմպիոն դառնալը Հայոց մեծ եղեռնի հիշատակության օրը, այնպես էլ օլիմպիական ոսկին է իմ նպատակը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս