18:22 25 ապրիլի, 2014Շատ ուրախ եմ, որ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը ես դարձա աշխարհի չեմպիոն: Այս հաղթանակն իմը չեմ համարում, սա մեր ժողովրդի հաղթանակն է, քանի որ նվիրում եմ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի աշխարհի երիտասարդների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 51 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Անուշ Գրիգորյանը դարձել է աշխարհի չեմպիոն
Անուշ, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալու կապակցությամբ: Դու ընդամենը 17 տարեկան ես եւ արդեն երիտասարդների աշխարհի չեմպիոն: Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար այս հաղթանակը:
Շատ ուրախ եմ, աննկարագրելի է իմ ուրախությունը: Այն կրկնապատիկ է, քանի որ ես այդ հաղթանակը ձեռք բերեցի հենց ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Այս հաղթանակն իմը չեմ համարում, սա մեր ժողովրդի հաղթանակն է, քանի որ նվիրում եմ 1915 թվականի հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Գտնում եմ, որ նրանց շնորհիվ է՝ այսօր մեր հայրենիքը կա, եւ ես այդ հայրենիքի ներկայացուցիչն եմ, ու աշխարհի առաջնությունում ներկայացնում եմ Հայաստանը: Ես դրա համար միայն հպարտ եմ:
Այդ հպարտությունն առավել զգացի պատվո հարթակին կանգնելիս, մեդալը ստանալիս եւ Հայաստանի դրոշը ամենաբարձր տեղում տեսնելիս: Անբացատրելի զգացողություն է: Դա միայն ապրել է պետք:
Սպասո՞ւմ էիր այս հաղթանակին:
Ես անձամբ ոչ, բայց ցանկությունս մեծ էր, այսինքն՝ նպատակ էր դա ինձ համար, որի իրականացման համար այդքան էլ վստահ չէի: Բայց մարզիչներս սպասում էին իմ հաղթանակին, նրանց խոսքով՝ վստահ էին, որ ես կկարողանամ դա անել: Այժմ երբ դարձա չեմպիոն, ավելի հպարտ եմ, որ կարողացա մարզիչներիս սպասելիքներն արդարացնել: Փաստորեն, նրանք ավելի շատ սպասելիքներ ունեին, քան ես՝ ինքս ինձնից:
Դու պարտության մարտնեցիր երկու աշխարհի չեմպիոնի: Դժվա՞ր տրվեց քեզ այս հաղթանակը:
Իհարկե: Չեմ կարող ասել, թե հեշտ էր: Միշտ էլ հաղթանակի հասնելու պայքարը դժվար է լինում: Շատ դժվար էր: Բոլոր մրցակիցներս էլ ուժեղ էին: Թույլ մասնակից չկար: Մասնավորապես, վերջին մրցակիցս՝ իտալուհին շատ ուժեղ էր, հարվածները՝ դիպուկ: Բայց ես իմ առջեւ ունեի նպատակ եւ իրավունք չունեի այդ օրը պարտվել: Ես միայն մտածում էի հաղթանակի մասին: Այս մրցաշարին մասնակցելը, ապրիլի 24-ին ռինգ դուրս գալը շատ կարեւոր էր ինձ համար: Ես ինքս ինձ պարբերաբար կրկնում էի, որ պարտավոր եմ հաղթել հենց այդ օրը եւ պետք է ուրախացնեմ իմ ազգին այդ օրը: Դա իմ մեծ նպատակն էր ռինգ դուրս գալուց առաջ եւ ամբողջ մենամարտի ընթացքում:
Անուշ, որքա՞ն ժամանակ ես զբաղվում բռնցքամարտով եւ ամենամեծ նվաճումդ ո՞րն է եղել մինչ օրս:
Բռնցքամարտով զբաղվում եմ չորս տարի՝ 13 տարեկանից: Անցյալ տարի պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրի երկրորդ տեղը: Դա հիմք հանդիսացավ, որ ես աշխարհի առաջնությունում պարտադիր առաջին տեղը զբաղեցնեմ եւ կանգնեմ չեմպիոնի պատվո հարթակին: Երբ ընտրեցի այս մարզաձեը՝ որպես ինձ ապագա մասնագիտություն, ինձ շրջապատող մարդիկ եւ, ամենակարեւոր, ծնողներս դեմ չգնացին իմ ցանկությանը: Դա ինձ ուժ տվեց՝ հավատացի ինքս իմ ուժերին եւ հաջողություններ գրանցեցի բռնցքամարտում:
Ո՞րն է լինելու քո հաջորդ քայլը:
Այս պահին դեռ չգիտեմ, թե ինչ մրցաշարեր կլինեն, բայց պետք է պատրաստվեմ Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերին, քանի որ արդեն ունեմ ուղեգիրը: Իսկ Օլիմպիական խաղերին մասնակցելն իմ կյանքի, թերեւս, ամենամեծ երազանքն է եղել:
Դա սպորտում, իսկ առհասարակ ի՞նչ երազանք ունես:
Դառնալ օլիմպիական չեմպիոն: Բայց դա բացի երազանքից նաեւ նպատակ է: Այնպես, ինչպես նպատակ էր աշխարհի չեմպիոն դառնալը Հայոց մեծ եղեռնի հիշատակության օրը, այնպես էլ օլիմպիական ոսկին է իմ նպատակը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.