19:37  ,  5 ապրիլի, 2014

Լեւոն Ջուլֆալակյան. Ֆին մարզիչը ներողություն հայտնեց մրցավարական կողմնապահության համար

Մենք ամեն անգամ այսպես բորբոքվում ու զայրանում ենք հայ ըմբիշների հանդեպ ցուցաբերած միջազգային մրցավարների անարդարությունից, բայց այդպես էլ ոչ մի քայլ չենք նախաձեռնում: Կարեն Ասլանյանի հետ շատ տգեղ վարվեցին: Ֆին ըմբիշի մարզիչը նույնիսկ մոտեցավ մեզ եւ ներողություն հայտնեց կատարվածի համար՝ նշելով, որ իրենք մեղավոր չեն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը` մեկնաբանելով Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության 59 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանի սփոփիչ գոտեմարտում մրցավարների բացահայտ կողմնակալությունը:

Հիշեցնենք, որ 59 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում պարտվել էր բուլղարացի Ալեքսանդր Կոստանդինովին։ Քանի որ բուլղարացին դուրս էր եկել եզրափակիչ, Կարեն Ասլանյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն առաջին սփոփիչ գոտեմարտում պարտվեց ֆին Յանի Հաապամակիին՝ լքելով պայքարը: Հայ ըմբիշն առջեւում էր 6։2 հաշվով, սակայն մրցավարները երեք նկատողություն տվեցին նրան՝ ժամանակից շուտ դադարեցնելով գոտեմարտը։

Պարոն Ջուլֆալակյան, 59 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ունեինք, բայց բացահայտ կողմնապահության պատճառով Կարեն Ասլանյանը լքեց մրցագորգը: Ո՞ւմ էր անհրաժեշտ Հայաստանի պարտությունը` միջազգային ֆեդերացիային, թե՝ թուրք մրցավարին:

Չգիտեմ, չեմ կարող ասել: Իրականում շատ տգեղ ստացվեց: Մրցավարները շատ տգեղ վարվեցին հայ մարզիկի հետ: Ցավալի է, բայց փաստ: Իրականում սա մեր սխալն է: Մենք անընդհատ խոսում ենք անարդարությունների մասին, մեր մարզիկները պարբերաբար զրկվում են մեդալներից եւ ոչ մի քայլ չենք նախաձեռնում այս անարդարությունը վերացնելու, Հայաստանի հավաքականի նկատմամբ այս կողմնակալ վերաբերմունքը վերացնելու համար: Այս ամենին շատ լուրջ մոտեցում է պետք մեր ֆեդերացիայի, Օլիմպիական կոմիտեի եւ Սպորտի նախարարության կողմից: Մենք անընդհատ ասում ենք, բայց ոչինչ չենք ձեռնարկում եւ ամեն ինչ մնում է օդի մեջ:

Այս նույն պատմությունը կրկնվեց նաեւ 2004-ի Օլիմպիական խաղերի ժամանակ, երբ շվեդ ըմբիշին անարդար պարտության մատնեցին եւ անարդար մրցավարության պատճառով նրանից խլեցին մեդալը: Հետո տեղի ունեցավ այն, ինչ մենք չենք անում արդեն երկար տարիներ: Ամբողջ Շվեդիան մեկ մարդու պես ոտքի կանգնեց, պահանջեց արդարություն, մարզչական խորհրդով, մարզական կառույցներով բողոքեցին Միջազգային ֆեդերացիային եւ վերականգնեցին արդարությունը: Մինչեւ այսօր շվեդ ըմբիշների նկատմամբ բոլոր մրցաշարերում շատ զգույշ են բոլորը, քանի որ գիտեն, որ եթե եւս մեկ նման միջադեպ լինի, Շվեդիան մեծ աղմուկ կբարձրացնի: Ցանկացած մրցավար այդ պատճառով վախենում է շվեդ ըմբիշներից, քանի որ գիտի, որ նրանք մինչեւ վերջ պայքարելու են արդարության համար:

Իսկ մենք լռում ենք ու ամեն անգամ դառնում անարդար մրցավարության զոհ: Մենք պետք է համախմբվենք եւ պահանջենք մեր թիմի հանդեպ հարգանք եւ զգուշություն, նման մի մեծ աղմուկ հանենք եւ արդար նվաճենք մեր արժանի մեդալները: Պետք է այնպես անենք, որ ամբողջ միջազգային ֆեդերացիան մեզանից զգուշանա ու իմանա, որ մենք տեր ենք կանգնելու մեր մեդալներին, այլ ոչ թե լռելու ենք: Արդեն 15 տարի մենք այսպես բազմաթիվ մեդալներ ենք կորցրել՝ մեղավորներին թողնելով անպատիժ:

Պատճառը պարզ է: Միջազգային ֆեդերացիան, շատ երկրների ներկայացուցիչներ, այլազգի մրցավարներ հասկանում են, որ մեր թիմը շատ ուժեղ է: Ես հույս ունեմ, որ մեր կառավարությունը, սպորտային ղեկավարությունը մեր թիկունքին կկանգնի եւ այս առնչությամբ լուրջ քայլեր կձեռնարկվեն:

Իսկ ինչո՞ւ չեք բողոքարկում հենց այդ պահին:

Դա հնարավոր չէ մեր պարագայում եւ ապարդյուն, քանի որ երբ փորձում ենք արդարությունը վերականգնել, մեզ դրա համար էլ ցանկանում են տուգանել: Այսօր մարզադահլիճում բոլորը ֆին ըմբիշի երկրպագուներն էին, բայց նույն երկրպագուները անգամ հիասթափվեցին այդ գոտեմարտից, քանի որ հասկացան, որ իրենց մարզիկն անարդար հաղթեց: Իրենց համար շատ տհաճ է, որ ֆին մարզիկը նման անարդար ձեւով է հասնում հաղթանակի: Իրենց մարզիչը մոտեցավ մեզ եւ, ներողություն հայտնելով, ասաց, որ իրենք մեղք չունենք: Ես էլ եմ հասկանում, որ իրենք մեղք չունեն` ո՛չ մարզիչը, ո՛չ մարզիկը: Միայն ծախված մրցավարներն են մեղավոր: Ես անձամբ բողոքելու եմ այս մրցավարության դեմ, քանի որ նման մրցավարներ գոյություն ունենալու, մրցում վարելու եւ մրցագորգ բարձրանալու իրավունք չունեն: Նրանք փչացնում են ամբողջ մրցումների ընթացքը: Սա լուրջ, ցավոտ հարց է բոլոր այն երկրների համար, որոնք լուրջ ըմբիշներ են պատրաստում: Եվ որքան շուտ կարողանանք նման մրցավարներից ազատվել, այնքան շուտ կփրկենք այս մարզաձեւը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով