13:30  ,  23 փետրվարի, 2014

Սոչի-2014. Հայ մարզիկների ելույթների ամփոփում

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերն ավարտվեցին Հայաստանի ներկայացուցիչների համար:

Հայաստանի պատվիրակությունը Սոչի էր մեկնել 4 մարզիկներով: Հայաստանի միակ կին ներկայացուցիչ Կատյա Գալստյանը փետրվարի 13-ին հանդես եկավ դահուկավազքի դասական ոճում (10 կմ) եւ 35 րոպե 26.4 վայրկյան արդյունքով 75 մասնակիցների մեջ գրավեց 64-րդ տեղը: 

Դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը փետրվարի 9-ին մեկնարկեցին սկիատլոնի մրցումով (30 կմ): 21-ամյա Միքայելյանը 68 մարզիկների մեջ զբաղեցրեց 46-րդ տեղը, իսկ Եղոյանը եզրագիծը հատեց 63-րդը: Փետրվարի 14-ին Միքայելյանն ուժերը փորձեց նաեւ դասական ոճի 15 կմ մրցավազքում՝ դարձյալ զբաղեցնելով 46-րդ տեղը, իսկ Եղոյանը վատառողջ լինելու պատճառով չմասնակցեց այդ մրցավազքին։

Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը պետք է հանդես գային նաեւ սպրինտի ազատ ոճում եւ դահուկավազքի ազատ ոճով 50 կմ ընդհանուր մեկնարկի մրցումներում, սակայն 2 դեպքում էլ հրաժարվեցին պայքարից:

Թերեւս ամենահաջողը հանդես եկավ Հայաստանի միակ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Փետրվարի 19-ին ամերիկահայ մարզիկը լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքի մրցումներում զբաղեցրեց 46-րդ տեղը, իսկ 3 օր անց ոլորավայրէջքի մրցաշարում գրավեց 36-րդ տեղը:

Փետրվարի 23-ին՝ Երեւանի ժամանակով 20:00-ին մեկնարկելիք փակման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի հենց Արման Սերեբրակյանը: Խաղերի բացման ժամանակ նման պատվի արժանացել էր Սերգեյ Միքայելյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում