13:30 23 փետրվարի, 2014Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերն ավարտվեցին Հայաստանի ներկայացուցիչների համար:
Հայաստանի պատվիրակությունը Սոչի էր մեկնել 4 մարզիկներով: Հայաստանի միակ կին ներկայացուցիչ Կատյա Գալստյանը փետրվարի 13-ին հանդես եկավ դահուկավազքի դասական ոճում (10 կմ) եւ 35 րոպե 26.4 վայրկյան արդյունքով 75 մասնակիցների մեջ գրավեց 64-րդ տեղը:
Դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը փետրվարի 9-ին մեկնարկեցին սկիատլոնի մրցումով (30 կմ): 21-ամյա Միքայելյանը 68 մարզիկների մեջ զբաղեցրեց 46-րդ տեղը, իսկ Եղոյանը եզրագիծը հատեց 63-րդը: Փետրվարի 14-ին Միքայելյանն ուժերը փորձեց նաեւ դասական ոճի 15 կմ մրցավազքում՝ դարձյալ զբաղեցնելով 46-րդ տեղը, իսկ Եղոյանը վատառողջ լինելու պատճառով չմասնակցեց այդ մրցավազքին։
Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը պետք է հանդես գային նաեւ սպրինտի ազատ ոճում եւ դահուկավազքի ազատ ոճով 50 կմ ընդհանուր մեկնարկի մրցումներում, սակայն 2 դեպքում էլ հրաժարվեցին պայքարից:
Թերեւս ամենահաջողը հանդես եկավ Հայաստանի միակ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Փետրվարի 19-ին ամերիկահայ մարզիկը լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքի մրցումներում զբաղեցրեց 46-րդ տեղը, իսկ 3 օր անց ոլորավայրէջքի մրցաշարում գրավեց 36-րդ տեղը:
Փետրվարի 23-ին՝ Երեւանի ժամանակով 20:00-ին մեկնարկելիք փակման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի հենց Արման Սերեբրակյանը: Խաղերի բացման ժամանակ նման պատվի արժանացել էր Սերգեյ Միքայելյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.