03:15  ,  23 փետրվարի, 2014

NEWS.am Sport-ը՝ Սոչիից. Արման Սերեբրակյան. Բարկացած եմ, քանի որ պետք է 25-ի մեջ լինեի (ֆոտո)

Ինձնից շատ դժգոհ եմ, բարկացած եմ, քանի որ պետք է մի քանի վայրկյանը չկորցնեի, ու 25-ի մեջ հայտնվեի: Ես ունեի այդ հնարավորությունը, սխալ թույլ տվեցի, դրա իրավունքը չունեի: Ուրախ եմ, որ ավելի բարձր տեղում եմ նախորդ ելույթիս համեմատ, բայց կարող էի ավելին անել:

Այս մասին Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակցի հետ զրույցում ասաց 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Փետրվարի 22-ին կայացած լեռնադահուկային սպորտի հատուկ ոլորավայրէջքում ամերիկահայ մարզիկը գրավեց 34-րդ տեղը:

Արման, ինչպե՞ս կգնահատես քո ելույթը:

Շատ վատ: Ես ընկա վերեւում, մեկնարկը սխալ տվեցի, բայց շարունակեցի եւ կորցրեցի 8 վայրկյան, այդ պատճառով էլ 34-րդը հասա վերջնագծին: Շատ դժվար էր, քանի որ մրցուղին իսկապես բարդ է, ոչ ոք չգիտեր՝ կհաղթահարի մրցուղին, թե ոչ:

Այս արդյունքը նախորդ արդյունքիս համեմատ բարձր է, բայց այն ինձ չի ուրախացրել: Եթե ես չընկնեի եւ չկորցնեի 8 վայրկյան ես 25-ի մեջ կհայտնվեի: Այսօրվա մարզիկների մեծ մասն ընկնում էր եւ դուրս մնում պայքարից: Ես ունեի հնարավորություն: Դա իմ սխալն էր, շատ եմ ցավում: Բարձր արդյունք է, բայց ոչ մի ուրախություն:

Առաջին փորձի ժամանակ 60-րդն էիր: Սպասո՞ւմ էիր, որ երկրորդ մեկնարկի ժամանակ գրեթե կրկնակի կբարելավես արդյունքդ:

Չէի սպասում, քանի որ մասնակիցները շատ էին, ուժեղ մարզիկները՝ եւս: Նաեւ չէի սպասում, որ մրցուղին այսքան անհարթ կլիներ, իսկ այն շատ անհարթ էր, այդ պատճառով էլ մարզիկների գերակշիռ մասն ընկնում էին: 60-ից հետո բնականաբար ինձ համար լավ արդյունք է 34-ը, բայց ես կարող էի ավելին: Բոլորովին ուրախ չեմ, զարյացած եմ: Բայց սա սպորտ է, եւ ամեն ինչ սպասելի է: Շատ եմ զայրացած իմ սխալի համար, ես ունեի բոլոր հնարավորությունները: Նույնիսկ ուժեղագույններն էին դուրս գալիս մրցուղուց, վայր ընկնում:

Բայց ինչ-որ տեղ նաեւ ուրախ եմ, որ իմ նպատակին հասա: Հսկա ոլորավայրէջից առաջ նպատակ ունեի գոնե 50-ի մեջ մտնել եւ մտա: Այս անգամ էլ նպատակս ավելի բարձր տեղն էր: Իմ մարզական կարիերայում սա լավ արդյունք է, եթե հաշվի առնենք, որ սա իմ առաջին Օլիմպիական խաղերն են:

Գնահատիր քո մասնակցությունը Սոչիի Խաղերին:

Այստեղ գալուց առաջ իմ եւ մարզիչներիս հույսնն այն էր, որ Վանկուվերի համեմատ գոնե մեկ քայլ առաջ արդյունք ցույց տանք: Իմ արդյունքներով ես դա արեցի, ինչի համար հպարտ եմ, բայց չեմ կարողանում այժմ լիարժեք ուրախանալ, երբ տեսնում եմ, թե ինչպիսի ուժեղագույն մարզիկների հետ թողեցի եւ ինչպիսի մարզիկներ դուրս մնացին: Մենք ավարտեցինք մեր ելույթները: Ես էլ, Սերգեյն էլ, Արթուրը եւ Կատյան էլ իմ կարծիքով պատվով դուրս եկանք այս խոշոր իրադարձությունից: Ամենակարեւորը մեր առջեւ դրված խնդիրը՝ մեկ քայլ առաջ գնալը, լուծեցինք:

Ինձ այս Օլիմպիական խաղերն ապացուցեցին, որ ամեն ինչ հնարավոր է, եւ որ ինձ համար ամեն ինչ առջեւում է: Ես դեռ ավելի լավ արդյունքով հանդես կգամ հաջորդ Օլիմպիական խաղերում: Դեռ չորս տարի կա եւ  2018-ի Խաղերի համար ես կփորձեմ այսօրվա սխալի պես կոպիտ սխալ այլեւս չանել ու հնարավորությունը բաց չթողնել:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով