03:15 23 փետրվարի, 2014Ինձնից շատ դժգոհ եմ, բարկացած եմ, քանի որ պետք է մի քանի վայրկյանը չկորցնեի, ու 25-ի մեջ հայտնվեի: Ես ունեի այդ հնարավորությունը, սխալ թույլ տվեցի, դրա իրավունքը չունեի: Ուրախ եմ, որ ավելի բարձր տեղում եմ նախորդ ելույթիս համեմատ, բայց կարող էի ավելին անել:
Այս մասին Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակցի հետ զրույցում ասաց 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Փետրվարի 22-ին կայացած լեռնադահուկային սպորտի հատուկ ոլորավայրէջքում ամերիկահայ մարզիկը գրավեց 34-րդ տեղը:
Արման, ինչպե՞ս կգնահատես քո ելույթը:
Շատ վատ: Ես ընկա վերեւում, մեկնարկը սխալ տվեցի, բայց շարունակեցի եւ կորցրեցի 8 վայրկյան, այդ պատճառով էլ 34-րդը հասա վերջնագծին: Շատ դժվար էր, քանի որ մրցուղին իսկապես բարդ է, ոչ ոք չգիտեր՝ կհաղթահարի մրցուղին, թե ոչ:
Այս արդյունքը նախորդ արդյունքիս համեմատ բարձր է, բայց այն ինձ չի ուրախացրել: Եթե ես չընկնեի եւ չկորցնեի 8 վայրկյան ես 25-ի մեջ կհայտնվեի: Այսօրվա մարզիկների մեծ մասն ընկնում էր եւ դուրս մնում պայքարից: Ես ունեի հնարավորություն: Դա իմ սխալն էր, շատ եմ ցավում: Բարձր արդյունք է, բայց ոչ մի ուրախություն:
Առաջին փորձի ժամանակ 60-րդն էիր: Սպասո՞ւմ էիր, որ երկրորդ մեկնարկի ժամանակ գրեթե կրկնակի կբարելավես արդյունքդ:
Չէի սպասում, քանի որ մասնակիցները շատ էին, ուժեղ մարզիկները՝ եւս: Նաեւ չէի սպասում, որ մրցուղին այսքան անհարթ կլիներ, իսկ այն շատ անհարթ էր, այդ պատճառով էլ մարզիկների գերակշիռ մասն ընկնում էին: 60-ից հետո բնականաբար ինձ համար լավ արդյունք է 34-ը, բայց ես կարող էի ավելին: Բոլորովին ուրախ չեմ, զարյացած եմ: Բայց սա սպորտ է, եւ ամեն ինչ սպասելի է: Շատ եմ զայրացած իմ սխալի համար, ես ունեի բոլոր հնարավորությունները: Նույնիսկ ուժեղագույններն էին դուրս գալիս մրցուղուց, վայր ընկնում:
Բայց ինչ-որ տեղ նաեւ ուրախ եմ, որ իմ նպատակին հասա: Հսկա ոլորավայրէջից առաջ նպատակ ունեի գոնե 50-ի մեջ մտնել եւ մտա: Այս անգամ էլ նպատակս ավելի բարձր տեղն էր: Իմ մարզական կարիերայում սա լավ արդյունք է, եթե հաշվի առնենք, որ սա իմ առաջին Օլիմպիական խաղերն են:
Գնահատիր քո մասնակցությունը Սոչիի Խաղերին:
Այստեղ գալուց առաջ իմ եւ մարզիչներիս հույսնն այն էր, որ Վանկուվերի համեմատ գոնե մեկ քայլ առաջ արդյունք ցույց տանք: Իմ արդյունքներով ես դա արեցի, ինչի համար հպարտ եմ, բայց չեմ կարողանում այժմ լիարժեք ուրախանալ, երբ տեսնում եմ, թե ինչպիսի ուժեղագույն մարզիկների հետ թողեցի եւ ինչպիսի մարզիկներ դուրս մնացին: Մենք ավարտեցինք մեր ելույթները: Ես էլ, Սերգեյն էլ, Արթուրը եւ Կատյան էլ իմ կարծիքով պատվով դուրս եկանք այս խոշոր իրադարձությունից: Ամենակարեւորը մեր առջեւ դրված խնդիրը՝ մեկ քայլ առաջ գնալը, լուծեցինք:
Ինձ այս Օլիմպիական խաղերն ապացուցեցին, որ ամեն ինչ հնարավոր է, եւ որ ինձ համար ամեն ինչ առջեւում է: Ես դեռ ավելի լավ արդյունքով հանդես կգամ հաջորդ Օլիմպիական խաղերում: Դեռ չորս տարի կա եւ 2018-ի Խաղերի համար ես կփորձեմ այսօրվա սխալի պես կոպիտ սխալ այլեւս չանել ու հնարավորությունը բաց չթողնել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.