15:25  ,  22 փետրվարի, 2014

Սոչի-2014. Սլավիկ Սարգսյան. Ինձ Սոչիից վտարել են, ես իմ կամքով չեմ վերադարձել Հայաստան

Ինձ Սոչիից վռնդել են, ես իմ կամքով չեմ վերադարձել Հայաստան: Ես ցանկանում եմ՝ բոլորն իմանան իրականությունը, որ ես, լինելով Հայաստանի դահուկավազքի հավաքականի գլխավոր մարզիչ, ստիպողաբար լքել եմ Սոչին, միայնակ թողնելով իմ մարզիկներին, իսկ նրանք դեռ մեկ ելույթ ունեն Օլիմպիական Խաղերում: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ինձ վռնդել է օլիմպիական Սոչիից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանն, ով օրեր առաջ օլիմպիական Սոչիից վերադարձել է Հայաստան: Նրա հետ մեկնել է նաեւ դահուկորդ Կատյա Գալստյանը, որը չի  մասնակցի Օլիմպիական խաղերի փակման արարողությանը:

NEWS.am Sport-ի՝ փետրվարի 15-ի «Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ. Հրաչյա Ռոստոմյանն ինձ մեղադրում է մի բանում, ինչից ինքը չի հասկանում» հրապարակումից հետո Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայում շարունակում են միմյանց մեղադրանքներ ներկայացնել:

Այս անգամ Սլավիկ Սարգսյանը հարցազրույց տալու խնդրանքով անձամբ է դիմել Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակցին:

Պարոն Սարգսյան, ինչո՞ւ եք լքել օլիմպիական Սոչին եւ հայ օլիմպիականներին, չէ որ նրանք դեռ ելույթ ունեն Օլիմպիական Խաղերում:

Ես չեմ լքել օլիմպիական Սոչին, ինձ այնտեղից վտարել են: Բառիս բուն իմաստով, ինձ վռնդել են Սոչիից եւ դա արել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Ինձ մեղադրեցին նոր դահուկները չօգտագործելու մեջ: Իրականում այնպես չէ, ինչպես իրենք են ներկայանցում: Նոր դահուկներ գնել են նաեւ Սերգեյ Միքայելյանին եւ Արթուր Եղոյանին: Նրանցից հետաքրքրվեք, նրանք այդ նոր դահուկներո՞վ են դուրս եկել մեկնարկի, թե՞ ոչ: Նրանք էլ այդ նոր դահուկներով չեն մասնակցել: Ինչո՞ւ նրանց անձնական մարզիչին չեն մեղադրում, ինձ են մեղադրում:

Ես 30 տարվա փորձ ունեմ եւ հավաքականի գլխավոր մարզիչն եմ: Սա արդեն իմ 5-րդ ձմեռային Օլիմպիական խաղերն են, եւ ես հինգ անգամ օլիմպիականներ եմ պատրաստում Հայաստանը ներկայացնելու համար: Ես մասնագետ եմ, եւ ինձ հետ այդպես վարվելն ուղղակի աններելի է: ՀԱՕԿ-ը միշտ էլ իմ մարզիկների համար գնել է նոր մարզագույք, ամեն Օլիմպիական խաղերից առաջ մեր մարզագույքը նորացվել է, այնպես ինչպես դա եղավ Վանկուվերի Խաղերի ժամանակ: Այն ժամանակ մեր պատվիրակության ղեկավարը Դերենիկ Գաբրիելյանն էր, եւ նա Օլիմպիական խաղերից առաջ մեզ հանձնեց նոր մարզագույքը, մարզահագուստը: Ես չեմ ասում, թե ՀԱՕԿ-ը չի գնել, միշտ էլ գնում է, մեր մարզիկներին մեծ ուշադրություն է դարձնում, որ նրանք որեւէ խնդիր չունենան:

Իրականում, այդ դահուկներն ինձ չեն վստահել, այլ վստահել են Սերգեյ Միքայելյանի հորը: Նրանք կարծում են, որ Սերգեյ Միքայելյանի հայրն ավելի ուժեղ է, քան ես: Նրանք որպես մարզիչ ընդունում են Արթուր Միքայելյանին: Գագիկ Սարգսյանն ուզում է, որ մարզիչ լինի Արթուր Միքայելյանը: Այդ պատճառով ինձ վտարել են Սոչիից:  Կատյա Գալստյանի մեկնարկի օրը Արթուր Միքայելյանը իրանցի մարզիկի դահուկներն էր մշակում: Ես դա տեսագրել եմ եւ կարող եմ ներկայացնել: Ես նրան ասում եմ՝ Արթուր, օգնիրԿատյայի դահուկները մաքրեմ, մշակեմ, բայց նա գերադասեց օգնել պարսիկին, ով ուժեղ էր մեր Կատյայից: Ո՞նց կարելի է. դու պարսիկի դահուկները մաքրես, քո երկրի ներկայացուցչինը չմաքրես: Դրա համար ես միտումնավոր որոշեցի, որ Կատյան հանդես գա հին դահուկներով:

Օլիմպիական կոմկիտեի դեմ ես ոչինչ չունեմ: Նրանք ամեն ինչ արել են թե իմ, թե մեր մարզիկների համար:

Ճի՞շտ է, որ դուք այլեւս Հայաստանի ավագ մարզիչը չեք:

Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում: Ես ավագ մարզիչն եմ, եւ ինձ ոչ ոք չի կարող ավագ մարզիչի պաշտոնից հեռացնել: Դա Գագիկ Սարգսյանի ցանկությունն է, նա ավագ մարզիչի տեղում ցանկանում է տեսնել Արթուր Միքայելյանին: Գագիկ Սարգսյանը թող իր մասին մտածի, թե ինքը կմնա ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե ոչ:

Ես նաեւ շատ վիրավորված եմ, որ առանց ինձ հետ քննարկելու որոշեցին մեր օլիմպիականներին հանել սպրինտից: Մենք բոլոր Օլիմպիական խաղերում, բոլոր տարածություններում մասնակցել ենք: Ինչո՞ւ որոշեցին սպրինտին չմասնակցել:  Ես գլխավոր մարզիչն եմ եւ լավ գիտեմ իմ մարզիկների հնարավորությունները: Ինչո՞ւ նրանց թույլ չտվեցին մասնակցել սպրինտին: Նրանք իրավունք չունեին չմասնակցելու: Գագիկ Սարգսյանի որոշո՞ւմն է, նա է երեւի ուզում ավագ մարզիչի տեղում նստել: Նա երբեւէ օլիմպիական պատրաստե՞լ է, նա ի՞նչ է հասկանում մարզաձեւի մասնագիտական հարցերից: Հիմա էլ հայտարարում է՝ Սլավիկ Սարգսյանը հետագայում կարող է չլինել հավաքականի մարզիչ: Եթե ինքն իրեն մասնագետի տեղ է դրել, թող լինի:

Սա իմ լավ աշխատանքի արդյունքն է, որ այսօր Սերգեյը բարելավել է իր տեղը, որ այսօր մենք չորս մարզիկով ենք ներկայացել Սոչիում, որ արդեն 5-րդ անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Օլիմպիական խաղերում: Ես այս ամենը բացատրել եմ պարոն Ռոստոմյանին, բայց նա կանգնեց եւ ինձ ասաց ՝լքի Օլիմպիական ավանը: Ինչպե՞ս չվրդովվեմ: Չէ որ իմ մարզիկները դեռ ելույթ ունեն, նրանք մարզվում են, ես պետք է հետեւեի նրանց մարզումներին, նրանց խորհուրդներ տայի:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով