02:19  ,  15 փետրվարի, 2014

Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ. Հրաչյա Ռոստոմյանն ինձ մեղադրում է մի բանում, ինչից ինքը չի հասկանում

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ինձ մեղադրում է մի բանում, ինչից ինքը չի հասկանում: Որ դահուկորդ լինեին, կհասկանային՝ ինչու ՀԱՕԿ-ի գնած նոր դահուկներով Կատյա Գալստյանին չեմ կանգնեցրել մեկնարկի: Բացատրում եմ, չեն հասկանում: Հիմա էլ ասում են՝ վերադառնում ենք Հայաստան: Ես մարզիչ եմ եւ լավ եմ հասկանում, որ իմ մարզիկը նոր դահուկներով չէր կարող հանդես գալ եւ ցույց տալ այն լավ արդյունքը, ինչ փետրվարի 13-ին ցույց տվեց Կատյան: Նա պետք է տասը օր գոնե կանգներ այդ դահուկների վրա: Իսկ մեզ երկու օր առաջ են տվել այդ դահուկները:

Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանի հետ զրույցում այսպես պարզաբանեց դահուկային սպորտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը իր եւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի միջեւ ծագաց խնդիրը:

Սլավիկ Սարգսյանը հրաժարվել է դահուկորդ Կատյա Գալստյանին փետրվարի 13-ին մեկնարկի կանգնեցնել ՀԱՕԿ-ի գնած նոր դահուկներով:

«Խնդիրը մեծ է: Ես իմ գրպանից գումար եմ ծախսել, բայց դեռ մի հատ էլ ինձ են մեղադրում: Փետրվարի 10-ին ՀԱՕԿ-ն իմ մարզիկի՝ Կատյա Գալստյանի համար գնել էր նոր դահուկներ: Բայց ամսի 13-ին Կատյա Գալստյանը մեկնարկի է դուրս եկել իր հին դահուկներով: Ես իմ գրպանից 300 եվրո վճարել եմ եւ Կատյայի դահուկների համար գնել եմ քսուք, եւ այդ քսուկով յուղել եմ Կատյայի դահուկները, որպեսզի նա հանգիստ կարողանար իր հին դահուկներով մասնակցել Օլիմպիական խաղերին: Իսկ ՀԱՕԿ-ի դահուկները սենյակում դրված են: Վերջին օրով դահուկներ են առել եւ պահանջում են, որ երկու օրվա դահուկով իմ աղջիկը դուրս գա մրցուղի:

Մասնագիտական տեսանկյունից Կատյան ուղղակի չէր կարող նոր դահուկներով մրցուղի դուրս գալ: Նոր դահուկները պետք է մինիմում 10 օր քշվեն սառույցի վրա, որ ձեւավորվի, հարթվի դահուկի տախտակը եւ հնարավոր լինի դրանով սահել, արագություն հավաքել: Օլիմպիական կոմիտեն պետք է 10 օր առաջ գներ այդ դահուկները եւ ոչ թե վերջին օրով: Իսկ ես իմ մարզիկին չէի կարող ստիպել ռիսկի դիմել: Սա Օլիմպիական խաղերն են ու Կատյայի առաջին մասնակցությունը: Ես ամեն օր ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներին ասում էի՝ դահուկներ, դահուկներ: Իսկ մենք այստեղ ենք հունվարի 30-ից: Դահուկները գնել են փետրվարի 10-ին, թե 11-ին: Իսկ Կատյայի ելույթը ամսի 13-ին է: Հիմա բարկանում են: Սա մասնագիտական հարց է: Նոր դահուկը չի քշվում: Դրանք պետք է 10 օր բացել: 

Կատյայի ելույթը ես կգնահատեմ բավարար: Նա արեց այն, ինչ խնդիր իր առջեւ դրված էր: 75 մասնակիցներից 64-րդը մեզ համար լավ է, քանի որ Կատյան վարկանիշ չուներ»,- նշեց Սլավիկ Սարգսյանը:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով