17:44  ,  3 մայիսի, 2012

Աշխարհահռչակ General Electric-ը «կլուսավորի» «Հրազդանը»

«Հրազդան» ստադիոնի լուսավորության հետ կապված աշխատանքները կիրականացնի աշխարհահռչակ General Electric ընկերությունը, իսկ լուսատախտակների հետ կապված աշխատանքները` այդ ոլորտում աշխարհում հայտնի «Շենզեն Թոփլեդ Օփտոտեխ» (Shenzen Topled Optotech Co. Ltd) ընկերությունը, հաղորդում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը։

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս հայտարարել է, որ «Հրազդանը» նախապատրաստվելու է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպմանը: Հանդերձարանների, հանրային տարածքների եւ այլ ենթակառուցվածքների նորոգման ու ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի չափորոշիչներին համապատասխանեցման աշխատանքերին զուգահեռ օրերս կսկսվեն նաեւ մարզադաշտի լուսավորության եւ լուսատախտակների հետ կապված աշխատանքերը: Կարեւորագույն այս բաղադրիչները նույնպես պետք է համապատասխանեն ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներին:

Լուսավորության եւ լուսատախտակների աշխատանքներն իրականացնելու համար ս.թ. ապրիլի 10-ին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան հայտարարել էր տենդեր-մրցույթ, որի արդյունքում լուսավորության բարելավման աշխատանքների նպատակով մրցույթին մասնակցություն ցուցաբերած հինգ ընկերություններից` «Ջեներալ Էլեկտրիկ – Նովատեկ» (General Electric - Novatek), «Սիտեկո» (Siteco), «Ֆիլիպս» (Philips), «Ջեներալ Էլեկտրիկ» (General Electric), «Հելմբրեխտ & Իսահակյան Գրուպ» (Helmbrecht and Isahakyan Group (Thorn)), հաղթող է ճանաչվել «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերությունը, իսկ լուսատախտակների փոփոխման աշխատանքների նպատակով անցկացված տենդեր-մրցույթին մասնակցություն ցուցաբերած հինգ ընկերություններից` «Բարկո» (Barco), «Տեքնովիժիոն-Նովատեկ» (Technovision - Novatek), «Յունիլումին» (Unilumin), «Բինա» (Bina), «Տեքնովիժիոն» (Technovision), «Շենզեն Թոփլեդ Օփտոտեխ» (Shenzen Topled Optotech Co. Ltd), հաղթող է ճանաչվել «Շենզեն Թոփլեդ Օփտոտեխ» ընկերությունը:

Լուսավորության բարելավման աշխատանքների ընդհանուր գումարը կկազմի մոտ 550 հազար դոլար: Լուսատախտակի փոխարինման աշխատանքների գումարը կկազմի 330 հազար դոլար:

Տենդեր-մրցույթի հաղթողներին որոշելիս ՀՖՖ ղեկավարությունը հաշվի է առել համապատասխան ոլորտներում առաջատար մասնագետների խորհրդատվությունները, ինչպես նաեւ ներկայացված բոլոր կոմերցիոն առաջարկներում ներառված ծառայությունները, դրանց ծավալն ու որակը եւ գնային պայմանները:
ՀՖՖ 10-րդ տարեկան ժողովում, որը տեղի ունեցավ ապրիլի 29-ին, Գյումրիում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կրկին նշեց, որ «առաջիկայում մենք կունենանք այս փուլի համար ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կողմից ներկայացվող պահանջներին համապատասխանող, իր ենթակառուցվածքներով միջազգային հանդիպումներ սպասարկելուն պատրաստ, երկրպագուներին հարմար եւ, որ ամենակարեւորն է` մեր ազգային հավաքականին պատշաճ, որակյալ մարզադաշտ»,- հիշեցնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում