17:44 3 մայիսի, 2012«Հրազդան» ստադիոնի լուսավորության հետ կապված աշխատանքները կիրականացնի աշխարհահռչակ General Electric ընկերությունը, իսկ լուսատախտակների հետ կապված աշխատանքները` այդ ոլորտում աշխարհում հայտնի «Շենզեն Թոփլեդ Օփտոտեխ» (Shenzen Topled Optotech Co. Ltd) ընկերությունը, հաղորդում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը։
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս հայտարարել է, որ «Հրազդանը» նախապատրաստվելու է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպմանը: Հանդերձարանների, հանրային տարածքների եւ այլ ենթակառուցվածքների նորոգման ու ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի չափորոշիչներին համապատասխանեցման աշխատանքերին զուգահեռ օրերս կսկսվեն նաեւ մարզադաշտի լուսավորության եւ լուսատախտակների հետ կապված աշխատանքերը: Կարեւորագույն այս բաղադրիչները նույնպես պետք է համապատասխանեն ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներին:
Լուսավորության եւ լուսատախտակների աշխատանքներն իրականացնելու համար ս.թ. ապրիլի 10-ին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան հայտարարել էր տենդեր-մրցույթ, որի արդյունքում լուսավորության բարելավման աշխատանքների նպատակով մրցույթին մասնակցություն ցուցաբերած հինգ ընկերություններից` «Ջեներալ Էլեկտրիկ – Նովատեկ» (General Electric - Novatek), «Սիտեկո» (Siteco), «Ֆիլիպս» (Philips), «Ջեներալ Էլեկտրիկ» (General Electric), «Հելմբրեխտ & Իսահակյան Գրուպ» (Helmbrecht and Isahakyan Group (Thorn)), հաղթող է ճանաչվել «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերությունը, իսկ լուսատախտակների փոփոխման աշխատանքների նպատակով անցկացված տենդեր-մրցույթին մասնակցություն ցուցաբերած հինգ ընկերություններից` «Բարկո» (Barco), «Տեքնովիժիոն-Նովատեկ» (Technovision - Novatek), «Յունիլումին» (Unilumin), «Բինա» (Bina), «Տեքնովիժիոն» (Technovision), «Շենզեն Թոփլեդ Օփտոտեխ» (Shenzen Topled Optotech Co. Ltd), հաղթող է ճանաչվել «Շենզեն Թոփլեդ Օփտոտեխ» ընկերությունը:
Լուսավորության բարելավման աշխատանքների ընդհանուր գումարը կկազմի մոտ 550 հազար դոլար: Լուսատախտակի փոխարինման աշխատանքների գումարը կկազմի 330 հազար դոլար:
Տենդեր-մրցույթի հաղթողներին որոշելիս ՀՖՖ ղեկավարությունը հաշվի է առել համապատասխան ոլորտներում առաջատար մասնագետների խորհրդատվությունները, ինչպես նաեւ ներկայացված բոլոր կոմերցիոն առաջարկներում ներառված ծառայությունները, դրանց ծավալն ու որակը եւ գնային պայմանները:
ՀՖՖ 10-րդ տարեկան ժողովում, որը տեղի ունեցավ ապրիլի 29-ին, Գյումրիում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կրկին նշեց, որ «առաջիկայում մենք կունենանք այս փուլի համար ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կողմից ներկայացվող պահանջներին համապատասխանող, իր ենթակառուցվածքներով միջազգային հանդիպումներ սպասարկելուն պատրաստ, երկրպագուներին հարմար եւ, որ ամենակարեւորն է` մեր ազգային հավաքականին պատշաճ, որակյալ մարզադաշտ»,- հիշեցնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.