21:46  ,  19 փետրվարի, 2014

NEWS.am Sport-ը՝ Սոչիից. Արման Սերեբրակյան. Հուսով եմ՝ Հայաստանի անունը բարձր պահեցի

Հուսով եմ՝ Հայաստանի անունը բարձր պահեցի այսօր եւ լավ ներկայացրեցի աշխարհին Հայաստանը: 46-րդ տեղն ինձ համար լավագույն արդյունքը չէր, դեռ հույսս չեմ կորցնում: Առջեւում հատուկ ոլորավայրէջքն է: Ես ամեն ինչ արեցի իմ ուժերի չափով:

Այս մասին Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակցի հետ զրույցում ասաց 22-րդ ձեմռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող միակ լեռնադահուկորդ, ամերիկահայ Արման Սերեբրակյանը: Փետրվարի 19-ին հսկա ոլորավայրէջք մրցաձեւում նա երկու մեկնարկի ընդհանուր հաշվարկում գրավեց 46-րդ տեղը:

Արման, 46-րդ տեղը քեզ բավարարո՞ւմ է: Ինչպե՞ս կգնահատես ելույթդ:  

Ընդհանուր, ես ուրախ եմ, բայց առաջին 30-ի մեջ չկարողացա հայտնվել: Իմ նպատակը  լավագույն 30-ի մեջ հայտնվելն էր: Իրականում, շատ բարդ էր, նույնիսկ ավելի, քան ես սպասում էի: Երկար էր մրցուղին եւ անտանելի դժվար: Երկու փորձերի դեպքում էլ այդ դժվարությունը զգացի:

Առաջին մեկնարկիդ ժամանակ 54-րդն էիր: Ի՞նչը խանգարեց առաջին փորձում ավելի առաջ լինել:

Առաջին փորձում ես մեկնարկեցի 83-րդը: Մասնակցում էին 106 լեռնադահուկորդներ: Այդ ժամանակ ձյունը դեռ փափուկ էր եւ ավելի բարդ էր շրջանցնումներն իրականացնելն այդ արագությամբ: Բացի այդ ձյունն անհարթ էր առաջին մոտեցման ժամանակ: Իսկ անհարթ եւ փափուկ ձյունը շատ է դժվարացնում վայրէջքը: Հուզմունք բնականաբար կար, քանի որ 106 մասնակից էին, բոլորն էլ հավասար ուժերով եւ լավագույն մարզիկներն էին: Առաջին մոտեցման ժամանակ 54-րդը եղա: Ինչն ինձ չէր գոհացրել, բայց մարզիչներիս գոհացրել էր: Երկրորդ մոտեցման ժամանակ արդեն ավելի վստահ էի եւ երեւի դա օգնեց, որ մի փոքր էլ առաջ եկա եւ հայտնվեցի 50-ի մեջ:

Այսքանով չեմ սահմանափակվում, դեռ անելի ունեմ, դեռ կփորձեմ ավելի կատարելագործել ինձ օլիմպիական մրցուղում: Շաբաթ երեկոյան երկրորդ մրցումս է՝ հատուկ ոլորավայրէջք: Դա ավելի բարդ է, բայց ես հույս ունեմ այստեղ էլ լավ արդյունք ցույց տալ: Սա իմ փորձն էր, իսկ հույսս հատուկ ոլորավայրէջքն է:

Միշտ ավելի լավ կարող է լինել, քան եղել է, միշտ դեռ ինչ-որ բան պակաս է ինձ համար, որքան էլ մարզիչներս ասում են՝ լավ է, բարձր է: Բայց ինձ համար միշտ դեռ տեղ է մնում, ես միշտ այն մտքին եմ լինում, որ կարող էի ավելի լավ անել: Բայց իրականում ես ամեն ինչ արեցի իմ ուժերի չափով: Սա սպորտ է, երբեմն քեզ կհաջողվի, երբեմն՝ ոչ: Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր լեռնադահուկորդ 100 տոկոս ուժ է ներդնում եւ փորձում լինել ամենաարագը: Այստեղ բոլորը գալիս են հաղթելու համար:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով