21:46 19 փետրվարի, 2014Հուսով եմ՝ Հայաստանի անունը բարձր պահեցի այսօր եւ լավ ներկայացրեցի աշխարհին Հայաստանը: 46-րդ տեղն ինձ համար լավագույն արդյունքը չէր, դեռ հույսս չեմ կորցնում: Առջեւում հատուկ ոլորավայրէջքն է: Ես ամեն ինչ արեցի իմ ուժերի չափով:
Այս մասին Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակցի հետ զրույցում ասաց 22-րդ ձեմռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող միակ լեռնադահուկորդ, ամերիկահայ Արման Սերեբրակյանը: Փետրվարի 19-ին հսկա ոլորավայրէջք մրցաձեւում նա երկու մեկնարկի ընդհանուր հաշվարկում գրավեց 46-րդ տեղը:
Արման, 46-րդ տեղը քեզ բավարարո՞ւմ է: Ինչպե՞ս կգնահատես ելույթդ:
Ընդհանուր, ես ուրախ եմ, բայց առաջին 30-ի մեջ չկարողացա հայտնվել: Իմ նպատակը լավագույն 30-ի մեջ հայտնվելն էր: Իրականում, շատ բարդ էր, նույնիսկ ավելի, քան ես սպասում էի: Երկար էր մրցուղին եւ անտանելի դժվար: Երկու փորձերի դեպքում էլ այդ դժվարությունը զգացի:
Առաջին մեկնարկիդ ժամանակ 54-րդն էիր: Ի՞նչը խանգարեց առաջին փորձում ավելի առաջ լինել:
Առաջին փորձում ես մեկնարկեցի 83-րդը: Մասնակցում էին 106 լեռնադահուկորդներ: Այդ ժամանակ ձյունը դեռ փափուկ էր եւ ավելի բարդ էր շրջանցնումներն իրականացնելն այդ արագությամբ: Բացի այդ ձյունն անհարթ էր առաջին մոտեցման ժամանակ: Իսկ անհարթ եւ փափուկ ձյունը շատ է դժվարացնում վայրէջքը: Հուզմունք բնականաբար կար, քանի որ 106 մասնակից էին, բոլորն էլ հավասար ուժերով եւ լավագույն մարզիկներն էին: Առաջին մոտեցման ժամանակ 54-րդը եղա: Ինչն ինձ չէր գոհացրել, բայց մարզիչներիս գոհացրել էր: Երկրորդ մոտեցման ժամանակ արդեն ավելի վստահ էի եւ երեւի դա օգնեց, որ մի փոքր էլ առաջ եկա եւ հայտնվեցի 50-ի մեջ:
Այսքանով չեմ սահմանափակվում, դեռ անելի ունեմ, դեռ կփորձեմ ավելի կատարելագործել ինձ օլիմպիական մրցուղում: Շաբաթ երեկոյան երկրորդ մրցումս է՝ հատուկ ոլորավայրէջք: Դա ավելի բարդ է, բայց ես հույս ունեմ այստեղ էլ լավ արդյունք ցույց տալ: Սա իմ փորձն էր, իսկ հույսս հատուկ ոլորավայրէջքն է:
Միշտ ավելի լավ կարող է լինել, քան եղել է, միշտ դեռ ինչ-որ բան պակաս է ինձ համար, որքան էլ մարզիչներս ասում են՝ լավ է, բարձր է: Բայց ինձ համար միշտ դեռ տեղ է մնում, ես միշտ այն մտքին եմ լինում, որ կարող էի ավելի լավ անել: Բայց իրականում ես ամեն ինչ արեցի իմ ուժերի չափով: Սա սպորտ է, երբեմն քեզ կհաջողվի, երբեմն՝ ոչ: Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր լեռնադահուկորդ 100 տոկոս ուժ է ներդնում եւ փորձում լինել ամենաարագը: Այստեղ բոլորը գալիս են հաղթելու համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.