17:40  ,  17 փետրվարի, 2014

NEWS.am Sport-ի հարցազրույցը՝ կրկնակի օլիմպիական չեմպիոնի հետ. Հայաստանն ուներ գեղասահքի լավ դպրոց, բայց այս պահին շատ բան է դադարեցված

Հայաստանն ուներ գեղասահքի լավ դպրոց: Մենք նույն երկրում էինք ապրում ժամանակին: Այս պահին Հայաստանում շատ բան է դադարեցված: Բայց ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ Ռուսաստանից շատ տաղանդավոր մասնագետներ մեկնեցին այլ երկրներ աշխատելու:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զույցում ասաց գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Արթուր Դմիտրիեւը:

Պարոն Դմիտրիեւ, Սոչիի Օլիմպիական խաղերում առաջին անգամ անցկացվեց թիմային մրցաշար գեղասահքում: Ռուսաստանը գրավեց առաջին տեղը: Ինչպե՞ս եք գնահատում այս փորձը: Այն հաջողվե՞ց:

Այս մրցաշարն արդեն ընդգրկվել է Օլիմպիական խաղերի հիմնական ծրագրում: Սա արդեն կայացած փաստ է: Ինձ շատ դուր եկավ այդ մրցաշարը, հանդիսատեսը նույնպես հավանեց: Մեկ օրում կարելի է տեսնել այս մարաձեւի մի քանի մրցաձեւ: Բացի այդ, մասնակցում էին ուժեղագույնները:

Տղամարդկանց անհատական մրցաշարում բոլոր մասնակիցները սխալվեցին, անգամ չեմպիոնն ընկավ: Թիմային մրցաշարից հետո հոգնածությո՞ւնն էր պատճառը, թե՞ մարզիկների մակարդակն է ընկել:

Թիմային մրցաշարն առաջին անգամ էր անցկացվում, եւ հնարավոր է, որ Չանն ու  Հանյուն թիմային մրցաշարում շատ ուժեր էին ծախսել: Կարճ ծրագիրը երկուսն էլ շատ լավ կատարեցին, իսկ ազատ ծրագրում կային սխալներ: Ծրագրերը բարդ էին: Բայց նրանք երկուսն էլ ֆավորիտներն էի համարվում դեռ նախորդ տարվանից:

Ի՞նչ կասեք Պլյուշչենկոյի հեռանալու հետ կապված աղմուկի մասին:

Դատարկ խոսակցություններ են: Չկա այդպիսի օրենք՝ վերջին պահին փոխարինել մարզիկներին: Գեղասահքի ֆեդերացիան որոշում  էր կայացրել, որ Ժենյան պետք է հանդես գա թիմային եւ անհատական մրցաշարում, եւ նա դա արեց: Նա ցավեր զգաց արդեն թիմային մրցաշարից հետո: Եթե նա վնասվածք ստանար մրցման ժամանակ, այդ դեպքում գործը կարող էր քննարկվել, եւ այդ դեպքում թույլ կտային այլ մարզիկի հանդես գալ: Բայց նրա վնասվածքը եղավ մարզման ժամանակ, եւ փոխարինել նրան արդեն չէր կարելի:

Օլիմպիական խաղերում երկրները հիմնականում ներկայացնում են չեմպիոնները: Ռուսաստանի դեպքում այդպես չեղավ: Ըստ Ձեզ՝ դա ճի՞շտ էր:

Այդպես չէ, որ միայն չեմպիոններն են ներկայացնում: Իտալիան ներկայացրեց երկրորդ տեղ զբաղեցրած մարզիկը, ԱՄՆ-ն՝ չորրորդ տեղում հայտնված մարզիկը, Ճապոնիան՝ երկրորդ: Պարզապես, մարդիկ չգիտեն այդ մասին եւ կարծում են, որ միայն Ռուսաստանում է այդպես:

Ռուս պատանի գեղասահորդների մեջ տեսնո՞ւմ եք այնպիսի տղաների, ովքեր կարող են դառնալ Յագուդին կամ Պլյուշչենկո:

Այժմ մենք մեծ հույսեր ենք կապում Կովտունի հետ, բայց նա դեռ իրեն չի արդարացնում: Անցած տարի նա անհաջող հանդես եկավ աշխարհի առաջնությունում, գրավեց 17-րդ տեղը: Նա ձախողեց նաեւ Եվրոպայի առաջնությունը: Ունենք նաեւ Վորոնին: Պլյուշչենկոյի կարգի առաջատար չկա: Շատ են խոսում Կովտունի մասին, բայց նա դեռ իրեն ցույց է տվել միայն Ռուսաստանում: Այս պահին Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում կան մոտ 4-5 խոստումնալից պատանիներ, ովքեր մի քանի տարի անց կարող են մեծ առաջընթաց գրանցել:

Դուք երեկ եք վերադարձել Մոսկվա: Սոչիում մեկնաբանում էիք գեղասահքի մրցաշարը: Ի՞նչ կասեք Խաղերի կազմակերպման մակարդակի մասին:

Անկեղծ ասած, ես թերություններ չեմ նկատել: Սոչիում շատ լավ պայմաններ են ստեղծված մարզիկների համար: Սառույցը, չմուշկները շատ լավ վիճակում են: Օլիմպիական ավանը գտնվում է մարզապալատներին շատ մոտ: Տրանսպոտը լավ է աշխատում: Լավ է մտածված անվտանգության համակարգը: Վայրը, որտեղ ստուգում են ներս մտնողներին կազմում է մոտ 300 մետր, ոչ մի հերթ չի  գոյանում: Սնունդը նույնպես շատ լավն է: Գուցե, ինչ-որ տեղ մի սյուն ներկած չէ: Ես դա չեմ նկատել, բայց եթե շատ փնտրես գուցե եւ գտնես:

Շփվո՞ւմ եք գեղասահքում հայերի հետ՝ օրինակ, մարզիչ Ռաֆայել Հարությունյանի եւ Պլյուշչենկոյի պրոդյուսեր Արի Զաքարյանի հետ:

Ես շատ լավ հիշում եմ, որ Հայաստանն ուներ գեղասահքի լավ դպրոց: Մենք նույն երկրում էինք ապրում ժամանակին: Այս պահին Հայաստանում շատ բան է դադարեցված: Բայց ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ Ռուսաստանից շատ տաղանդավոր մասնագետներ մեկնեցին այլ երկրներ աշխատելու: Իհարկե, ես շփվում եմ շատերի հետ: Ես հույս ունեմ, որ Հայաստանում ամեն բան կկարգավորվի: Հայերը շատ ստեղծագործ ազգ են՝ արտիստներ, երաժիշտներ: Հուսամ՝ մարզիները նույնպես արժանիորեն կներկայացնեն Հայաստանը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով