17:40 17 փետրվարի, 2014Հայաստանն ուներ գեղասահքի լավ դպրոց: Մենք նույն երկրում էինք ապրում ժամանակին: Այս պահին Հայաստանում շատ բան է դադարեցված: Բայց ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ Ռուսաստանից շատ տաղանդավոր մասնագետներ մեկնեցին այլ երկրներ աշխատելու:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զույցում ասաց գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Արթուր Դմիտրիեւը:
Պարոն Դմիտրիեւ, Սոչիի Օլիմպիական խաղերում առաջին անգամ անցկացվեց թիմային մրցաշար գեղասահքում: Ռուսաստանը գրավեց առաջին տեղը: Ինչպե՞ս եք գնահատում այս փորձը: Այն հաջողվե՞ց:
Այս մրցաշարն արդեն ընդգրկվել է Օլիմպիական խաղերի հիմնական ծրագրում: Սա արդեն կայացած փաստ է: Ինձ շատ դուր եկավ այդ մրցաշարը, հանդիսատեսը նույնպես հավանեց: Մեկ օրում կարելի է տեսնել այս մարաձեւի մի քանի մրցաձեւ: Բացի այդ, մասնակցում էին ուժեղագույնները:
Տղամարդկանց անհատական մրցաշարում բոլոր մասնակիցները սխալվեցին, անգամ չեմպիոնն ընկավ: Թիմային մրցաշարից հետո հոգնածությո՞ւնն էր պատճառը, թե՞ մարզիկների մակարդակն է ընկել:
Թիմային մրցաշարն առաջին անգամ էր անցկացվում, եւ հնարավոր է, որ Չանն ու Հանյուն թիմային մրցաշարում շատ ուժեր էին ծախսել: Կարճ ծրագիրը երկուսն էլ շատ լավ կատարեցին, իսկ ազատ ծրագրում կային սխալներ: Ծրագրերը բարդ էին: Բայց նրանք երկուսն էլ ֆավորիտներն էի համարվում դեռ նախորդ տարվանից:
Ի՞նչ կասեք Պլյուշչենկոյի հեռանալու հետ կապված աղմուկի մասին:
Դատարկ խոսակցություններ են: Չկա այդպիսի օրենք՝ վերջին պահին փոխարինել մարզիկներին: Գեղասահքի ֆեդերացիան որոշում էր կայացրել, որ Ժենյան պետք է հանդես գա թիմային եւ անհատական մրցաշարում, եւ նա դա արեց: Նա ցավեր զգաց արդեն թիմային մրցաշարից հետո: Եթե նա վնասվածք ստանար մրցման ժամանակ, այդ դեպքում գործը կարող էր քննարկվել, եւ այդ դեպքում թույլ կտային այլ մարզիկի հանդես գալ: Բայց նրա վնասվածքը եղավ մարզման ժամանակ, եւ փոխարինել նրան արդեն չէր կարելի:
Օլիմպիական խաղերում երկրները հիմնականում ներկայացնում են չեմպիոնները: Ռուսաստանի դեպքում այդպես չեղավ: Ըստ Ձեզ՝ դա ճի՞շտ էր:
Այդպես չէ, որ միայն չեմպիոններն են ներկայացնում: Իտալիան ներկայացրեց երկրորդ տեղ զբաղեցրած մարզիկը, ԱՄՆ-ն՝ չորրորդ տեղում հայտնված մարզիկը, Ճապոնիան՝ երկրորդ: Պարզապես, մարդիկ չգիտեն այդ մասին եւ կարծում են, որ միայն Ռուսաստանում է այդպես:
Ռուս պատանի գեղասահորդների մեջ տեսնո՞ւմ եք այնպիսի տղաների, ովքեր կարող են դառնալ Յագուդին կամ Պլյուշչենկո:
Այժմ մենք մեծ հույսեր ենք կապում Կովտունի հետ, բայց նա դեռ իրեն չի արդարացնում: Անցած տարի նա անհաջող հանդես եկավ աշխարհի առաջնությունում, գրավեց 17-րդ տեղը: Նա ձախողեց նաեւ Եվրոպայի առաջնությունը: Ունենք նաեւ Վորոնին: Պլյուշչենկոյի կարգի առաջատար չկա: Շատ են խոսում Կովտունի մասին, բայց նա դեռ իրեն ցույց է տվել միայն Ռուսաստանում: Այս պահին Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում կան մոտ 4-5 խոստումնալից պատանիներ, ովքեր մի քանի տարի անց կարող են մեծ առաջընթաց գրանցել:
Դուք երեկ եք վերադարձել Մոսկվա: Սոչիում մեկնաբանում էիք գեղասահքի մրցաշարը: Ի՞նչ կասեք Խաղերի կազմակերպման մակարդակի մասին:
Անկեղծ ասած, ես թերություններ չեմ նկատել: Սոչիում շատ լավ պայմաններ են ստեղծված մարզիկների համար: Սառույցը, չմուշկները շատ լավ վիճակում են: Օլիմպիական ավանը գտնվում է մարզապալատներին շատ մոտ: Տրանսպոտը լավ է աշխատում: Լավ է մտածված անվտանգության համակարգը: Վայրը, որտեղ ստուգում են ներս մտնողներին կազմում է մոտ 300 մետր, ոչ մի հերթ չի գոյանում: Սնունդը նույնպես շատ լավն է: Գուցե, ինչ-որ տեղ մի սյուն ներկած չէ: Ես դա չեմ նկատել, բայց եթե շատ փնտրես գուցե եւ գտնես:
Շփվո՞ւմ եք գեղասահքում հայերի հետ՝ օրինակ, մարզիչ Ռաֆայել Հարությունյանի եւ Պլյուշչենկոյի պրոդյուսեր Արի Զաքարյանի հետ:
Ես շատ լավ հիշում եմ, որ Հայաստանն ուներ գեղասահքի լավ դպրոց: Մենք նույն երկրում էինք ապրում ժամանակին: Այս պահին Հայաստանում շատ բան է դադարեցված: Բայց ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ Ռուսաստանից շատ տաղանդավոր մասնագետներ մեկնեցին այլ երկրներ աշխատելու: Իհարկե, ես շփվում եմ շատերի հետ: Ես հույս ունեմ, որ Հայաստանում ամեն բան կկարգավորվի: Հայերը շատ ստեղծագործ ազգ են՝ արտիստներ, երաժիշտներ: Հուսամ՝ մարզիները նույնպես արժանիորեն կներկայացնեն Հայաստանը:
Վերա Մարտիրոսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.