15:12  ,  13 փետրվարի, 2014

Սոչի-2014. Կատյա Գալստյանն ավարտեց ելույթը

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 13-ին պայքարի մեջ մտավ Հայաստանի միակ կին ներկայացուցիչ Կատյա Գալստյանը, ով հանդես եկավ դահուկավազքի կանանց դասական ոճում (10 կմ):

Հայ մարզուհին գրանցեց 35 րոպե 26.4 վայրկյան արդյունք՝ 75 մասնակիցների մեջ զբաղեցնելով 64-րդ տեղը: Կատյա Գալստյանն ավարտեց մրցելույթները Սոչիի Խաղերում:

Այս մրցաձեւում ոսկե մեդալ նվաճեց լեհ Յուստինա Կովալչուկը, ով դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Շվեդիան ներկայացնող Շարլոտ Կալան գրավեց երկրորդ տեղը, իսկ նորվեգացի Թերեզե Յոհաուգն արժանացավ բրոնզե մեդալի:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից դեռ ելույթ չի ունեցել միայն լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը, ով պայքարը կսկսի փետրվարի 19-ին: Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը փետրվարի 9-ին մասնակցել էին դահուկավազքի սկիատլոնի մրցմանը (30 կմ): 68 մարզիկների պայքարում Միքայելյանը գրավել էր 46-րդ տեղը, իսկ Եղոյանը 63-րդն էր:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր, 7-րդ օր 
Դահուկավազք, դասական, 10 կմ, կանայք 

1. Յուստինա Կովալչուկ (Լեհաստան)՝ 28.17,8
2. Շարլոտ Կալա (Շվեդիա)՝ +18,4
3. Թերեզե Յոհաուգ (Նորվեգիա)՝ +28,3

64. Կատյա Գալստյան (Հայաստան)՝ +7:08.60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում