00:32  ,  11 փետրվարի, 2014

NEWS.am Sport-ը՝ Սոչիից. Հրաչյա Ռոստոմյան. Եթե համեմատենք նախորդ Խաղերի հետ՝ սա ամենակազմակերպվածն է

Մեզ համար առաջին մրցումային օրը Սերգեյ Միքայելյանի ցույց տված արդյունքը մեր երկրի համար լավագույն արդյունքն էր: Սերգեյը միանշանակ գերազանցեց իր հնարավորությունները: Բնական է, նա կարող էր 30-ի մեջ մտնել, բայց դեռ ամեն ինչ առջեւում է: Ես նրա արդյունքը բարձր եմ գնահատում: Արթուրը նույնպես հրաշալի հանդես եկավ: Նա նույնպես գերազանցեց ինքն իրեն: Սա ամենալավ մասնակցությունն էր, որ մենք կարող էինք ունենալ:

Այս մասին Սոչում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանի հետ զրույցում ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ մեկնաբանելով դահուկորդներ Սերգեյ Միայելյանի (46-րդ տեղ) եւ Արթուր Եղոյանի (63-րդ տեղ) ելույթը սկիատլոն մրցաձեւում:

Պարոն Ռոստոմյան, այս օրերին միջազգային լրատվամիջոցները շատ են քննադատում  Սոչիում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպումը: Դուք գո՞հ եք կազմակերպվածությունից, արված աշխատանքներից:

Ընդհանրապես ուժեղ, աշխատող մարդուց են միշտ բամբասում, խոսում: Եվ բամբասում են նրանք, ովքեր չեն կարողանում այդ գործն անել. նախանձից սկսում են փնովել: Եթե այդքան լավն են, ամեն ինչ կարողանում են անել, թող իրենք անեին:

Միանշանակ գոհ եմ: Եթե համեմատություններ տանենք նախորդ Օլիմպիական խաղերի հետ թե ամառային եւ ձմեռային, միանշանակ սա ամենակազմակերպվածն է: Այստեղ ամեն ինչ ավելի հարմարավետ է՝ սկսած մարզիկների համար իդեալական պայմաններից: Անկեղծ պետք է լինեմ՝ այս կարգի օլիմպիական ավան ոչ մի տեղ չի եղել: Միշտ հոսթելների պես կառույցներ են եղել, առանց ներքին նորմալ հարդարանքների: Իսկապես եմ ասում: Եվ եւս մեկ անգամ համոզվում եմ, որ այն մարդիկ, ովքեր փնովում են, թույլ մարդիկ են: Այսինքն՝ եթե քեզ մոտ որեւէ գործ չի ստացվում, դիմացինիդ մոտ ստացվում է, նախանձից սկսում են փնովել: Նույն իրավիճակն այստեղ է: Ամեն ինչ արտակարգ է՝ ծառայությունները, սպասարկումը, մարդկանց վերաբերմունքը, մոտեցումները: Անձամբ ես այսքան շփվում եմ, դեռ որեէ խնդրի չեմ հանդիպել: Գուցե լրատվամիջոցներն անում են ըստ պատվերների, ըստ ավանդույթի, բայց այստեղ չկա մի բան, որ բացթողնած լինի կազմակերպիչ երկիրը:

Ինչպե՞ս է անցկացնում Հայաստանի պատվիրակությունն իր օրերը օլիմպիական Սոչիում:

Բացի այն, որ մարզիկներն իրենց բնականոն հունով մարզվում են, բնականաբար ունենում ենք նաեւ պարբերական բնույթ կրող հանդիպումներ նրանց հետ: Ներքին խոհանոց կա, որը շատ բացահայտել չէի ցանկանա: Մենք մեր օրն անցկացնում ենք մարզիկների հետ, նրանց կողքին: Ամենակարեւորը մարզիկներն զգան, որ միայնակ չեն եւ ոչ մեկից չեն տարբերվում: Տարբերություն չկա՝ փոքր երկիր, մեծ երկիր: Մարզիկները մեր աջակցությունը զգում են: Նրանք ապահոված են ամեն ինչով: Նրանց խնդիրները, լավ պայմաններն առաջնահերթ են մեր՝ ղեկավարության համար: Մեր մարզիկներն այսօր արդեն հասկանում են, որ ուշադրություն կա ձմեռային մարզաձեւերի նկատմամբ:

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով