00:32 11 փետրվարի, 2014Մեզ համար առաջին մրցումային օրը Սերգեյ Միքայելյանի ցույց տված արդյունքը մեր երկրի համար լավագույն արդյունքն էր: Սերգեյը միանշանակ գերազանցեց իր հնարավորությունները: Բնական է, նա կարող էր 30-ի մեջ մտնել, բայց դեռ ամեն ինչ առջեւում է: Ես նրա արդյունքը բարձր եմ գնահատում: Արթուրը նույնպես հրաշալի հանդես եկավ: Նա նույնպես գերազանցեց ինքն իրեն: Սա ամենալավ մասնակցությունն էր, որ մենք կարող էինք ունենալ:
Այս մասին Սոչում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանի հետ զրույցում ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ մեկնաբանելով դահուկորդներ Սերգեյ Միայելյանի (46-րդ տեղ) եւ Արթուր Եղոյանի (63-րդ տեղ) ելույթը սկիատլոն մրցաձեւում:
Պարոն Ռոստոմյան, այս օրերին միջազգային լրատվամիջոցները շատ են քննադատում Սոչիում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպումը: Դուք գո՞հ եք կազմակերպվածությունից, արված աշխատանքներից:
Ընդհանրապես ուժեղ, աշխատող մարդուց են միշտ բամբասում, խոսում: Եվ բամբասում են նրանք, ովքեր չեն կարողանում այդ գործն անել. նախանձից սկսում են փնովել: Եթե այդքան լավն են, ամեն ինչ կարողանում են անել, թող իրենք անեին:
Միանշանակ գոհ եմ: Եթե համեմատություններ տանենք նախորդ Օլիմպիական խաղերի հետ թե ամառային եւ ձմեռային, միանշանակ սա ամենակազմակերպվածն է: Այստեղ ամեն ինչ ավելի հարմարավետ է՝ սկսած մարզիկների համար իդեալական պայմաններից: Անկեղծ պետք է լինեմ՝ այս կարգի օլիմպիական ավան ոչ մի տեղ չի եղել: Միշտ հոսթելների պես կառույցներ են եղել, առանց ներքին նորմալ հարդարանքների: Իսկապես եմ ասում: Եվ եւս մեկ անգամ համոզվում եմ, որ այն մարդիկ, ովքեր փնովում են, թույլ մարդիկ են: Այսինքն՝ եթե քեզ մոտ որեւէ գործ չի ստացվում, դիմացինիդ մոտ ստացվում է, նախանձից սկսում են փնովել: Նույն իրավիճակն այստեղ է: Ամեն ինչ արտակարգ է՝ ծառայությունները, սպասարկումը, մարդկանց վերաբերմունքը, մոտեցումները: Անձամբ ես այսքան շփվում եմ, դեռ որեէ խնդրի չեմ հանդիպել: Գուցե լրատվամիջոցներն անում են ըստ պատվերների, ըստ ավանդույթի, բայց այստեղ չկա մի բան, որ բացթողնած լինի կազմակերպիչ երկիրը:
Ինչպե՞ս է անցկացնում Հայաստանի պատվիրակությունն իր օրերը օլիմպիական Սոչիում:
Բացի այն, որ մարզիկներն իրենց բնականոն հունով մարզվում են, բնականաբար ունենում ենք նաեւ պարբերական բնույթ կրող հանդիպումներ նրանց հետ: Ներքին խոհանոց կա, որը շատ բացահայտել չէի ցանկանա: Մենք մեր օրն անցկացնում ենք մարզիկների հետ, նրանց կողքին: Ամենակարեւորը մարզիկներն զգան, որ միայնակ չեն եւ ոչ մեկից չեն տարբերվում: Տարբերություն չկա՝ փոքր երկիր, մեծ երկիր: Մարզիկները մեր աջակցությունը զգում են: Նրանք ապահոված են ամեն ինչով: Նրանց խնդիրները, լավ պայմաններն առաջնահերթ են մեր՝ ղեկավարության համար: Մեր մարզիկներն այսօր արդեն հասկանում են, որ ուշադրություն կա ձմեռային մարզաձեւերի նկատմամբ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.