15:26  ,  25 դեկտեմբերի, 2013

Վարդան Մինասյան. Հայաստանի հավաքականից հեռացա ապագայիս համար

Ազգային հավաքականում պետք է աշխատի ավելի փորձառու մարզիչ, ասել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով դեկտեմբերի 24-ին 5-րդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագուն մարզիչ: 39-ամյա մասնագետի խոսքով՝ ինքը Հայաստանի հավաքականից հեռացել է իր ապագայի համար:

«Այդպիսի բան պատահում է բոլորի հետ: Ոմանք հեռացվում են աշխատանքից, իսկ ոմանք հեռանում են ինքնակամ: Ես որոշեցի հեռանալ: Հավաքականում 4 տարի անցկացնելը քիչ չէ: Հեռանալու գլխավոր պատճառն այն էր, որ ցանկանում էի կատարելագործվել որպես մարզիչ: Կարծում եմ՝ ինձ հարկավոր է ակումբային աշխատանք:  

Ակումբում մարզիչը կարող է սխալներ թույլ տալ, իսկ հետո ուղղել դրանք: Դա ճանապարհ է դեպի կատարելություն: Հավաքականում դա անհնար է: Ազգային թիմում պետք է աշխատի ավելի փորձառու մասնագետ: Ի տարբերություն հավաքականի, ակումբում կարելի է կատարել փորձարկումներ եւ դրանցից անել հետեւություններ:

Իզուր չեմ աշխատել: Ստացվում է, որ ինչ-որ հետք թողել եմ հավաքականում: Դա, միանշանակ, հաճելի է: Հավաքականից հեռանալու որոշման ընդունումը բարդ էր ինձ համար: Կյանքում այդպիսի պահերն այնքան էլ շատ չեն, սակայն ֆուտբոլիստները նույնպես պետք է հասկանան ինձ: Ես չէի կարող բաց թողնել այդ հնարավորությունը: Ես դա արեցի ապագայիս համար»,- Մինասյանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2009-2013-ը: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացել է մինչեւ ռեկորդային 34-րդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով