09:42  ,  24 ապրիլի, 2012

Սյունիքի մարզպետը հայկական վոլեյբոլին օգուտ առանձնապես չտվեց

Հայաստանում վոլեյբոլը չի ֆինանսավորվել երկար ժամանակ։ Բացի պետական բյուջեի հատկացրած գումարից, այս մարզաձեւում կողմնակի ներդրումներ չեն արվել, ինչի բացակայության պատճառով էլ Հայաստան թիմերը չեն մասնակցել միջազգային մրցումների։ 2011 թվականի հոկտեմբերին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախահագ  ընտրվեց  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը։ Նպատակը՝ խոշոր ներդրումներ եւ փոփոխություններ անելն էր, սակայն այդպես էլ՝ ոչ ներդրումներ կատարվեցին, ոչ էլ փոփոխություններ` զուրկ միջազգային մրցումներից։

Հայկական վոլեյբոլի խնդիրների մասին NEWS.am Sport-ի թղթակից զրուցեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյանի հետ։

Պարոն Ասմարյան, վոլեյբոլի ֆեդերացիայի ինտերնետային կայքը՝ avf.am ուսումնասիրելիս, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում մրցումներ, առաջնություններ անցկացնող եւ վերջիններիս մասնակցող ամենակտիվ մարզաձեւն եք։

Ակտիվությունը  թվացյալ է։ Ակտիվ ենք Հայաստանի տարածքում, բայց դրա սահմաններից դուրս, գրեթե չենք մասնակցում ոչ մի  միջազգային մրցաշարի, քանի որ հնարավորություններ չունենք։ Անցյալ տարի Ազգային օլիմպիական կոմիտեն եւ վոլեյբոլիստների մի խումբ որոշեց փնտրել նոր նախագահ (այդ ժամանակ ես էի ֆեդերացիայի նախագահը)։ Նախագահություն անելու ցանկություն հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը։ Նա որոշեց օգնել այս մարզաձեւին, խոստանալով՝ 30 միլիոն դրամ ներդնել մարզաձեւի զարգացման համար։ Նրան նշանակեցին նախագահ։ Ես, հավատալով, որ նա կֆինանսավորի այս մարզաձեւը, համաձայնվեցի։ Քանի որ մեր մարզաձեւը դրսում շատ զարգացած է, մենք անկախ Հայաստանի տարիներից  վոլեյբոլով եղել ենք միջակ կարգի երկիր։ Սա ավանդական սպորտաձեւ է Հայաստանում, միայն թե՝ ֆինանսի բացակայությունը խոչընդոտում է, որպեսզի մեր թիմերը դրսում հանդես գան։ Ունենք լավ թիմեր, որոնց կարող ենք դրսում ներկայացնել, բայց փորձի բացակայության պատճառով չենք ներկայացնում։ Այժմ մեր ուժերը կենտրոնացրել ենք լողափնյա վոլեյբոլի վրա, փորձառու են լողափնյա վոլեյբոլի մեր թիմերը։ Եթե ունենում ենք հրավերներ եւ ֆինանսական միջոցներ, դասական վոլեյբոլի պես չենք վարանում, ուղարկում ենք։ Դասական վոլեյբոլով մենք աշխարհից հետ ենք մնացել։ Օրինակ՝ ապրիլ ամսվա սկզբին Սիսիանի թիմը համալրվեց Երեւանի թիմի աղջիկներով, եւ նրանք մասնակցեցին Ռոստովի Չալդիր քաղաքի առաջնությանը, որտեղ դարձան 3-րդ մրցանակակիր։ 12 հոգանոց թիմին ֆինանսավորել էր ֆեդերացիայի նախագահը, բայց այդ մի հաղթանակով Հայաստանում վոլեյբոլը չզարգացավ։ Այդ նույն մրցումի գումարը կարելի էր ծախսել Հայաստանում, մեծ միջոցառում կազմակերպելու վրա, հրավիրեինք դրսից թիմեր, որի արդյունքում կգրավեինք վոլեյբելի միջազգային ֆեդերացիայի, Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի ուշադրությունը։ Ավելի մասսայական կդառնար այս մարզաձեւը մեր հանրապետությունում, մարդիկ կտեսնեին, իրենց երեխաներին կուղղորդեին դեպի այս սպորտաձեւ։

Վոլեյբոլի ֆեդերացիայի տարեկան բյուջեն  8 միլիոն դրամ է։ Սուրեն Խաչատրյանն էլ խոստացել էր 30 միլիոն դրամ. ինչո՞ւ եք դժգոհում ֆինանսական միջոցների բացակայությունից։

Ես 30 միլիոն դրամի խոստումների հետ չեմ առնչվել, որովհետեւ դրանով զբաղվում են գլխավոր քարտուղարն ու նախագահի տեղակալը։ Մենք այդ գումարի մասին լսել ենք ընդամենը կողքից, բայց չենք տեսել։ Այդ մարդը անցյալ տարի 9 միլիոն դրամ գումար է ծախսել ֆեդերացիայի համար՝ վարձակալել է գրասենյակ, երկու աշխատող։ Գումար ծախսվել է, ներդրվել է, բայց բանն այն է, որ այդ գումարը չի ծառայել իր նպատակին։ Եթե 9 միլիոն դրամով կազմակերպվեր խաղեր, կամ՝ թիմերը գնային արտերկիր, կամ՝ դրսից թիմեր կանչեինք եւ այստեղ կազմակերպեինք մրցումներ, այդ դեպքում ես կահամարեի, որ այդ մարզաձեւում կատարվել են ներդրումներ։ Կարելի էր այդ գումարը, գուցե նաեւ ավելի քիչ, ծախսել ի շահ վոլեյբոլի։ Տարրական գույք՝ գնդակ չունենք, կարելի էր այդ 9 միլիոնից գնդակներ, ցանցեր գնել, որ մարդիկ տեսնեին՝ ֆեդերացիան աշխատում է, գործում է, միջոցներ տրամադրում է։ Այլ ոչ թե՝ ֆեդերացիան ունի սենյակ, աշխատող եւ քարտուղարուհի։

Ս. Խաչատրյանի նախագահության օրոք ի՞նչ է արվել այս մարզաձեւում կամ վերջինիս համար, ի՞նչ փոփոխություն է եղել։

Ես առաջին օրվանից միտված էի կադրային փոփոխության։ Հիմա էլ գտնում եմ, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան պետք է երիտասարդացվի։ Մեզ պետք են երիտասարդ կադրեր, մարդիկ, որոնց կապերը Եվրոպայի, Ռուսաստանի հետ մեծ են։ Այս ոլորտում միայն երիտասարդությունը կարող է գալ եւ ոգեւորությամբ լցված աշխատել։ Բայց փոփոխություն չեղավ, իմ պլանները չստացվեց։ Ինչ կար 15 տարի առաջ, հիմա նույն ոճով եւ տեմպով աշխատում են։ Ժամանակակից վոլեյբոլում շատ բան է փոխվել, միայն երիտասարդները կարող են խորամուխ լինել, իմանալ, սովորել, հետաքրքրվել, յուրացնել։

Կա՞ վոլեյբոլի զարգացմանն ուղղված որեւէ ծրագիր, ըստ որի Ֆեդերացիայի նախագահ Ս. Խաչատրյանն առաջնորդվում է։

Ննան մշակած ծրագիր երբեւէ չեմ տեսել։ Ըստ ֆեդերացիայի նախագահի հրամանի, ամեն մեկը զբաղվում է իր գործով։ Ես պատասխանատու եմ կրթական հարցերի համար, տանում եմ ուսանողական աշխատանքներ։ Այն մարդիկ, որոնք զբաղվում են կազմակերպչական, ֆինանսական հարցերով, նրանց ձեռքին ես որեւէ ծրագիր չեմ տեսել։ Չունենք նույնիսկ աշխատանքային գրաֆիկ։ Ֆեդերացիայում համախմբվածություն չկա։

Վոլեյբոլի քանի՞ թիմ կա եւ ո՞ր մարզերում են գործում։

Թիմերը շատ են եւ կայացած։ Երեւանում թիմերը գործում են ակումբների տեսքով։ Թիմեր ունենք Արմավիրի մարզում, Գորիսում, Սիսիանում, Ստեփանակերտում, որտեղի տղաները ծառայողներ են։ Թիմերը կայացած են, բայց ցավն այն է, որ Հայաստանի առաջնություն է անցկացվում, բայց դահլիճի հանդիսատեսի աթոռները դատարկ են։ Եթե լինի հանդիսատես, մեր արդյունքներն ավելի բարձր կլինեն։ Իսկ հանդիսատեսին գրավում է շոուն, ինչը ֆինանսների հետ է կապված։ Թիմերի խնդիրն էլ է լուծելի, գործում են, բայց ուրիշ խնդիրներն են խոչընդոտում այս մարզաձեւին։ Հիմա Երեւանում վոլեյբոլի համար նորմալ պայմաններով դահլիճ չկա։ Այն ժամանակ ասում էինք՝ ռեսուրսներ չկան թիմեր ձեւավորելու համար, բայց այսօր ի շնորհիվ մարզպետ-նախագահի, գոնե պետք է կարողանային մյուս մարզպետների օգնությամբ մարզային թիմերը ձեւավորեինք։ Չկարողացանք մարզպետ-նախագահի առկայությունն էլ օգտագործել։

Ստացվում է` թիմերը կան, մարզաձեւը «ապրում» է, տեղական մրցումներ, առաջնություններ անցկացնում եք, բայց միջազգային ասպարեզում «լուռ» եք։

Լռում ենք միջազգային ասպարեզում, որովհետեւ չենք կարող մասնակցել փորձի բացակայության եւ չֆինանսավորվելու պատճառով։ Եվրոպայի, Ռուսաստանի ֆեդերացիաների նախագահների հետ ունեմ պայմանավորվածություն, որ մրցումների մասնակցելու որոշումներ կայացնելու դեպքում, նրանք մեզ՝ Հայաստանի համար կտարամդրեն տեղեր, կապահովեն կեցության հարցը, մեզ միայն կմնա այնտեղ հասնելու գումար գտնելը։ Բայց քանի որ, փորձ չունենք, ու ես էլ չեմ կարող ամեն անգամ գնալ եւ գումար խնդրել այս կամ այն մրցում գնալու համար, չենք դիմում։ Առայժմ լռում ենք։

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Լուսանկարում. ձախ կողմում Կարեն Ասմարյանն է

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով