22:28  ,  16 հոկտեմբերի, 2013

Արթուր Աբրահամ. Միայն հաղթանակի դեպքում ես կարող եմ ռեւանշ մենամարտ անցկացնել Ռոբերտ Շտիգլիցի հետ

Այս մենամարտն ինձ համար շատ կարեւոր է, քանի որ միայն հաղթանակի դեպքում ես կարող եմ իրականացնել իմ ռեւանշ մենամարտը Ռոբերտ Շտիգլիցի հետ: Իսկ իմ գերնպատակն այս պահին հունվար-փետրվար ամիսներին կայանալիք ռեւանշ մենամարտն է եւ հաղթանակը: Այս մենամարտին էլ պետք է միայն հաղթանակ լինի, ուրիշ ոչինչ լինել չի կարող: Միայն Շտիգլիցի դեմ մենամարտից հետո ամեն ինչ կթողնեմ երկրորդ պլան եւ կմտածեմ անձնական կյանքս դասավորելու մասին: Բայց այդ հարցում արդեն ունեմ բավական առաջընթաց, սակայն դեռ չեմ նշանադրվել: Ամեն ինչ կլինի անպայման, միայն իր ժամանակին` աշխարհի չեմպիոնի գոտին վերանվաճելուց հետո:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, աշխարհի չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամը, ով հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում մենամարտ կանցկացնի իտալացի Ջովանի Դե Կարոլիսի հետ:  

Արթուր, ըստ նախնական խոսակցությունների Սեւ Մումբայի հետ մենամարտից հետո դու պետք է ռինգ դուրս գայիր Ռոբերտ Շտիգլիցի հետ` չեմպիոնական տիտղոսը վերանվաճելու: Ինչո՞ւ փոխվեց որոշումը եւ ինչո՞ւ եւս մեկ անգամ հետաձգվեց Շտիգլիցի հետ մենամարտը:

Շտիգլիցի հետ մենամարտը չի հետաձգվել: Արդեն կա նախնական պայմանավորվածություն, որ ռեւանշ մենամարտը տեղի կունենա հունվար-փետրվար ամիսներին: Դեռ օրը կոնկրետ որոշված չէ, բայց հստակ կա արդեն պայմանավորվածություն, որ այդ ամիսներից մեկում կկայանա այդքան սպասելի ռեւանշը: Իսկ այս մենամարտը որոշվեց իմ պրոմոուտորների համաձայնությամբ, ինձ առաջարկեցին, իսկ ես չմերժեցի, քանի որ սիրում եմ մի քանի ամիսը մեկ մենամարտեր անցկացնել, որպեսզի մշտապես լավ մարզավիճակում լինեմ: Սա հրաշալի միջոց է ավելի լավ նախապատրաստվել Շտիգլիցի հետ հանդիպմանը: Իրականում այս մենամարտը նախատեսված չէր: Ես գնացել էի հանգստանալու, երբ ինձ զանգահարեցին եւ առաջարկեցին: Ես էլ համաձայնեցի: Մեծ ուժով նախապատրաստվում եմ այս մենամարտին, այժմ սպարինգներ եմ անցկացնում: Ծրագրով նախատեսված մարզումներն անցկացրել եմ, հաջորդ շաբաթ արդեն հանգստի շաբաթն է: Կմարզվեմ ավելի թեթեւ ծրագրով: Այժմ դեռեւս գտնվում եմ Բեռլինում, բայց շուտով կտեղափոխվենք Քիմբաուն քաղաք` սպորտբազա. դա Ծաղկաձորի նման մի քաղաք է: Այնտեղից արդեն կմեկնենք Օլդենբուրգ քաղաք:

Հաջորդ մրցակիցդ իտալացի Ջովանի դե Կարոլիսն է: Ի՞նչ կարող ես ասել նրա մասին:

Արդեն  ուսումնասիրել եմ նրա մարտերը, ոճը: Նա բավական բարձրահասակ, երկար ձեռքերով բռնքամարտիկ է: Բավական ուժեղ հարվածներ ունի: Անցկացրել է լուրջ մենամարտեր, պարտության է մատնել իսկապես լուրջ բռնցքամարտիկների: Բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ միայն հաղթանակ պետք է լինի: Եթե հաղթանակով չավարտեմ այս մենամարտը, իրավունք չեմ ունենա աշխարհի չեմպիոնի գոտու համար պայքարեմ: Ոչնչի մասին չպետք է մտածենք, հաղթանակը պարտադիր է:

Նրա հետ մենամարտում մարզիչիդ հետ մշակե՞լ եք մարտավարությունը:

Անպայման: Արդեն նշեցի, որ նա երկար ձեռքերով բռնքամարտիկ է, դա նշանակում է, նրա հարվածները կլինեն հուժկու: Պետք է արագ կողմնորոշվեմ, շատ արագ հարվածեմ ու դուրս գամ նրա ձեռքերի միջից, որպեսզի հարված բաց չթողնեմ:

Որքա՞ն կգնահատես Ջովանիի հնարավորությունները։

Ջովանին շատ ուժեղ հարվածներ ունի, եւ այդ հարվածներից պետք է հնարավորինս խուսափել: Եթե հարված բաց թողնեմ, բնական է, որ վտանգավոր կլինի: Նա իսկապես վտանգավոր մրցակից է: Նա մտնում է Եվրոպայի լավագույն 15 բռնցքամարտիկների մեջ: Իսկ դա արդեն քիչ բան չէ: Բայց ես իրավունք չունեմ մենամարտը պարտվելու: Ավելին, ես որեւէ մենամարտ պարտվելու իրավունք չունեմ, մինչեւ հասնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսին:

Այս մենամարտն ինձ համար շատ կարեւոր է, քանի որ միայն հաղթանակի դեպքում ես կարող եմ իրականացնել իմ ռեւանշ մենամարտը Ռոբերտ Շտիգլիցի հետ: Իսկ իմ գերնպատակն այս պահին հունվար-փետրվար ամիսներին կայանալիք ռեւանշ մենամարտն է եւ հաղթանակը: Այս մենամարտին էլ պետք է միայն հաղթանակ լինի, ուրիշ ոչինչ լինել չի կարող:

Օգոստոսյան վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղում էիր, սակայն նամիբիացի Շիհեփոյի նկատմամբ տարած հաղթանակդ սեպտեմբերին բերեց առաջին տեղ: Այս հաղթանակը ի՞նչ կտա քեզ:

Այս մենամարտի հաղթանակը ինձ հնարավորություն կտա լիարժեք պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Պարտության դեպքում այդ հնարավորությունը ես կկորցնեմ: Իսկ ընդհանուր առմամբ, այս մենամարտը լուրջ փորձ է Շտիգլիցի հետ մենամարտից առաջ. այսպես ես էլ ավելի պատրաստ կլինեմ հաջորդ մենամարտին:

Դու վերջերս Հայաստանում էիր: Մեր նախորդ հարցազրույցում պատմեցիր քո ծրագրերի մասին` Չարբախ թաղամասում սպորտային եւ մշակութային համալիրի ստեղծման մասին: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները:

Այո, մի քանի օրով եկել էի Հայաստան, որպեսզի հետեւի համալիրի կառուցման աշխատանքներին: Այսինքն պետք է սկսեինք: Բայց այնպես ստացվեց, որ ես միառժամանակ կանգնեցրեցի այդ աշխատանքները, որպեսզի այն չխանգարի իմ սպորտին: Այս պահին կարեւորն իմ սպորտն է, եւ ես չեմ կարող աչքաթող անել իմ մարզումները եւ իմ ժամանակը տրամադրել այդ աշխատանքներին: Առջեւում ունեմ շատ կարեւոր մենամարտ եւ միայն դրանից հետո կվերսկսենք համալիրի կառուցման աշխատանքները: Չեմ ցանկանում մի ձեռքով տասը ձմերուկ բռնել, ամեն ինչ իր ժամանակին կլինի: Համալիրի կառուցման աշխատանքները շատ ժամանակ եւ մտածմունք են խլում ինձանից: Այս պահին ճիշտ կլինի, որ ես չմտածեմ դրա մասին, մինչեւ ռեւանշ մենամարտը եւ ուղեղս կենտրոնացնեմ միայն իմ մենամարտի եւ իմ մարզումների վրա:

Իսկ քո անձնական կյանքն ի՞նչ փուլում է: Դեռեւս այն մտքի՞ն ես, որ աշխարհի չեմպիոնական տիտղոսը վերանվաճելուց հետո միայն կամուսնանաս:

Փոփոխություն կարծես թե կա, այսինքն՝ առաջընթաց: Բայց դեռ չեմ նշանվել եւ ոչ էլ ամուսնացել: Երբ նման բան լինի, անմիջապես բոլորը կիմանան, քանի որ ես էլ եմ շատ ուզում վերջապես ամուսնանալ: Կարծես թե այդ ցանկությունս էլ կլինի, քանի որ դրական առաջընթաց արդեն կա: Արդեն ժամանակն անցել է նույնիսկ: Բայց ամուսնություն կլինի միմյայն աշխարհի չեմպիոն դառնալուց հետո: Առանց չեմպիոն դառնալու ոչ մի ամուսնություն:

Ե՞րբ կրկին սպասենք քեզ Հայաստանում։

Այս մենամարտից հետո: Շատ եմ ցանկանում մի փոքր հանգստանալ: Այս մենամարտից հետո կգամ եւ այդտեղ կհանգստանամ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով