21:24  ,  11 հոկտեմբերի, 2013

Վարդան Մինասյան. Ցանկանում էինք անակնկալ մատուցել մրցակցին

Անգամ, եթե մենք չունենայինք կորուստներ, խաղալու էինք հենց այս տակտիկական սխեմայով: Մենք ցանկանում էինք անակնկալ մատուցել մրցակցին:

Այդ մասին բուլղարացիների նկատմամբ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում տարած հաղթանակից հետո ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Այսօր ինձ համար ամենակարեւորը հաշիվն էր: Առաջին խաղակեսում հյուրերի ստացած կարմիր քարտը մեզ վրա ավելի վատ ազդեց, քան նրանց: Իհարկե, Արասի բացակայությունը շատ վատ էր: Հուսանք, որ Օզբիլիսն ու Ռոբերտ Արզումանյանը կվերականգնվեն մինչեւ հաջորդ խաղը:

Երկրորդ խաղակեսում մի պահ խաղը թուլացավ: Արթուր Սարկիսովն ու Գեւորգ Ղազարյանը չէին օգնում պաշտպաններին: Վտանգը գալիս էր եզրերից: Սարկիսովը քիչ էր օգնում Կամո Հովհաննիսյանին: Ես այդ մասին կարգադրություն արեցի ընդմիջմանը:

Տղաները, իմանալով, որ ունեն մեկ խաղացողի առավելություն, հոգաբանորեն հանգստացան: Իսկ դա շատ բացասական էր ազդում խաղի ընթացքի վրա: Իհարկե, խմբից դուրս գալու հույս ունենք, բայց իտալացիները նույնպես ունեն վարկանիշի հարց: Նրանք լավ մոտիվացված են խաղալու մեր դեմ:

Յուրա Մովսիսյանին պետք է տարածություն: Դրա համար նա անընդհատ ընտրում էր իր դիրքը՝ ազատ տարածքներ: Ես նախապես զգուշացրել էի սադրանքների չգնալ: Մրցավարը շատ լավ սպասարկեց խաղը: Նա աշխարհի երեք լավագույն մրցավարներից է:

Անգամ, եթե մենք չունենայինք կորուստներ, խաղալու էինք հենց այս տակտիկական սխեմայով: Մենք ցանկանում էինք անակնկալ մատուցել մրցակցին: Իսկ թե մեզանից բացի մյուս թիմերից ով է ավելի արժանի խմբից դուրս գալուն, ապա ես շատ եմ համակրում Դանիայի հավաքականին, բայց, իհարկե, մեզանից հետո»,- նշեց Մինասյանը:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում