18:03  ,  9 հոկտեմբերի, 2013

ՖԱՖ-ը Բուլղարիայի հավաքականին «ջերմությամբ» կդիմավորի օդանավակայանում

Հայկական ֆուտբոլի երկրպագուների Firts Armenian Front (FAF) շարժման անդամները 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Բուլղարիա խաղից առաջ հայտարարարություն են արել, որի մեջ հայտնում են մրցակցին «ջերմ» ընդունելություն կազմակերպելու մտադրության մասին։ 

«Մոտ մեկ տարի է անցել Սոֆիայում կայացած Բուլղարիա - Հայաստան հանդիպումից: Այդ խաղում հավաքականը կրեց իր առաջին պարտությունը ընտրական փուլում, եւ բոլորս էլ հիշում ենք մրցակցի սադրիչ ու կեղտոտ խաղը: Կարծես, հենց այդ խաղից սկսվեցին մեր հավաքականի անհաջողությունները:

Ուղեւորությունը Սոֆիա մրցաշրջանում առաջինն էր ՖԱՖ-ի համար: Բուլղարացի երկրպագուների ու առհասարակ բուլղար ազգի հանդեպ մեր տրամադրվածությունը շատ ջերմ ու ընկերական էր, սակայն դա տեւեց մինչ խաղի նախօրեն, երբ «Վասիլ Լեւսկի» ստադիոնի հարեւանությամբ եղավ հարձակում արտերկրից ժամանած ՖԱՖ-ի անդամների վրա, իսկ խաղի ամբողջ ընթացքում մեր ուղղությամբ նետվեցին տարբեր մետաղյա իրեր, եղան տգեղ վանկարկումներ: Խաղից հետո, երբ մեզ ուղեկցող ոստիկանները մահակներով հարձակում գործեցին մեր անդամների վրա, խոստացանք «Երեւանում նրանց կյանքը դժոխքի վերածել»:

Հոկտեմբերի 10-ին Բուլղարիայի պատվիրակությունը կլինի Երեւանում: Մենք, ինչպես հայտարարել էինք, բուլղարացիներին պատրաստվում ենք կոշտ ընդունելություն կազմակերպել հենց օդանավակայանից: Այս ամիսների ընթացքում բազմաթիվ երկրպագուներ են ցանկություն հայտնել մասնակցելու նմանատիպ ակցիայի: Այժմ կա հնարավորություն խաղից առաջ ռեալ ճնշում ցուցաբերել մրցակցի ֆուտբոլիստների եւ Հայաստան ժամանած պատվիրակության մյուս անդամների վրա:

Հոկտեմբերի 10-ին, Երեւանի ժամանակով 12:00-ին Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին կոչ ենք անում միանալ մեզ մետրո Բարեկամության մոտ գտնվող «Հայաստան հանրախանութի» մոտ: 12:30-ին ավտոբուսով, մեքենաներով միասին կշարժվենք օդանավակայան (նախատեսված է հետ վերադարձ մետրո Բարեկամություն): Եռագույն դրոշների, շարֆերի և մեքենաների առկայությունը ցանկալի է:

23:30-ին Հայաստան - Ֆրանսիա երիտասարդական հավաքականների հանդիպումից անմիջապես հետո շարժվում ենք Հանրապետության հրապարակ, հավաքվում ենք «Armenia Mariott» հյուրանոցի առջեւ՝ «ջերմ» ընդունելությունը շարունակելու։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` 099227788։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով