16:12  ,  2 հոկտեմբերի, 2013

Երեւանում 8-րդ անգամ անցկացվել է Պարալիմպիկ սպարտակիադա

Երեւանի մանկական զբոսայգում տեղի է ունեցել Պարալիմպիկ սպարտակիադայի ամփոփիչ միջոցառումը։ Երեւանի քաղաքապետարանը եւ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունն արդեն ավանդական դարձած մարզական միջոցառումն իրականացրել են Պարալիմպիկ կոմիտեի հետ համատեղ։ Մրցումներն անցկացվում են շախմատ, բասկետբոլ, սեղանի թենիս, բազկամարտ մարզաձեւերից։

Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի խոսքով՝ Պարալիմպիկ սպարտակիադան քաղաքապետարանի ծրագրային միջոցառումներից է, որի նպատակը սպորտի միջոցով եւս հաշմանդամների՝ հասարակությանն ինտեգրվելուն աջակցելն է: Հոկտեմբերին հաշմանդամների մասնակցությամբ եւս մեկ մարզական միջոցառում է նախատեսված։

Միջոցառման ավարտին մասնակիցները պարգեւատրվել են հուշամեդալներով եւ դիպլոմներով, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում