15:30  ,  26 սեպտեմբերի, 2013

Բուլղարիայի հավաքականի պաշտպանը որակազրկվել է խթանիչներ օգտագործելու պատճառով

Ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականի եւ «Լուդոգորեցի» պաշտպան Յորդան Մինեւը՝ արգելված միջոցներ օգտագործելու պատճառով ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվել է 30 օրով, հաղորդում է Sky Sports-ը։

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Մալթայի հավաքականի հետ հանդիպումից հետո բուլղարացու արյան մեջ խթանիչների հետքեր են հայտնաբերվել։ 32-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Հայաստանի եւ Չեխիայի հավաքականների հետ հանդիպմանը, որոնք տեղի կունենան հոկտեմբերին։ Հայաստանի հավաքականի հետ առաջին հանդիպման ժամանակ Մինեւը մասնակցել էր ամբողջ հանդիպմանը։

B խմբում 8 խաղից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իտալիայի հավաքականը։ Եվրոպայի փոխչեմպիոններն ունեն 20 միավոր, բուլղարացիները՝ 13 միավոր, դանիացիները՝ 12։ Չեխիայի եւ Հայաստանի հավաքականներն ունեն 9-ական միավոր, իսկ Մալթան՝ 3 միավոր։ 

Հիշեցնենք, որ Բուլղարիայի հետ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում, իսկ իտալացիների հետ խաղը՝ հոկտեմբերի 15-ին Նեապոլում:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով