22:36  ,  10 սեպտեմբերի, 2013

Մորտեն Օլսեն. Չէի ասի, որ հաջողությունը ժպտաց մեզ

Չէի ասի, որ հաջողությունը ժպտաց մեզ: Հայերն ունեին մի քանի հնարավորություններ, բայց մենք ուշադիր էինք եւ խաղացինք ավելի լավ:

Այս մասին Հայաստանի հավաքականի նկատմամբ Երեւանում տարած հաղթանակից հետո մամուլի ասուլիսում հայտարարեց Դանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը, «Հրազդան» ստադիոնից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Շնորհավորում եմ իմ տղաներին այս ներկայացման համար: Խաղից առաջ կատարած բոլոր վարժությունները նրանք իրականացրին: Հանդիպման հենց մեկնարկից դանիացի ֆուտբոլիստները հսկողության տակ էին պահում խաղի ընթացքը:

Չգիտեմ՝ ով է խմբից դուրս գալու: Մենք պետք է երկու խաղ հաղթենք: Հայաստանն ուժեղ էր Կոպենհագենում, իսկ մենք՝ Երեւանում: Չէի ասի, որ հաջողությունը ժպտաց մեզ: Հայերն ունեին մի քանի հնարավորություններ, բայց մենք հսկում էինք խաղը եւ խաղացինք ավելի լավ:

Իմ թիմի կազմում չէի առանձնացի ոչ ոքի, բոլորը լավ հանդես եկան: Դանիայում հայերը խաղացին հակագրոհների մարտավարությամբ, իսկ այստեղ մենք անցկացրինք հիանալի հանդիպում»,- նշեց Օլսենը:

Հիշեցնենք, որ «Հրազդան» ստադիոնում կայացած խաղի միակ գնդակը 73-րդ րոպեին խփեց անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագերը, ով անվրեպ իրացրած 11 մետրանոց հարվածը:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով