21:50  ,  10 սեպտեմբերի, 2013

Հայաստանի հավաքականը Երեւանում պարտվեց դանիացիներին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը չորրորդ անընդմեջ տնային պարտությունը կրեց աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարում: 8-րդ տուրում B խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը Երեւանի «Հրազդան» ստադիոնում նվազագույն հաշվով պարտվեց դանիացիներին:

Հայաստանի հավաքականը խաղադաշտ էր դուրս եկել առանց ընդգծված հարձակվողի, այն դեպքում, երբ Վարդան Մինասյանը Եկատերինբուրգի «Ուրալի» խաղացող Արթուր Սարկիսովի փախարեն մեկնարկային կազմում ընդգրկել էր ռուսական «Կրասնոդարի» պահեստայինների թվում ամրապնդված Մարկոս Պիզելիին, ով փոխարինել էր դեղին քարտերի պատճառով որակազրկված Յուրա Մովսիսյանին:

Առաջին խաղակեսում դանիացիներն ունեին տարածքային եւ խաղային նկատելի առավելություն եւ մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասի մոտ, իսկ դաշտի տերերի մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում: Հայաստանի թիմն առաջին վտանգավոր պահը ստեղծեց 10-րդ րոպեին, երբ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ձախ եզրում շրջանցեց պաշտպանին եւ մտավ տուգանային հրապարակ, սակայն նրա փոխանցումն այնքան էլ հաջող չստացվեց: Դաշտի տերերն ակտիվացան նաեւ ընդմիջումից առաջ, բայց չկարողացան արդյունավետ իրացնել ստանդարտ դիրքերը: Մեկնարկային 45 րոպեներին դանիացիներն ավելի վտանգավոր էին գործում առջեւի գծում, բայց Գեւորգ Կասպարովը շատ վստահ էր գործում: Առաջին խաղակեսում Վարդան Մինասյանը կատարեց մեկ փոփոխություն՝ 27-րդ րոպեին վնասվածք ստացած Կառլեն Մկրտչյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Արթուր Սարկիսովին: Սակայն ընդմիջմանը փոխարինվեց նաեւ Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվողը, ում փոխարեն խաղադաշտ դուրս եկավ գերմանական «Հանզայի» հարձակվող Սարգիս Ադամյանը՝ նորամուտը նշելով Հայաստանի հավաքականում:

Ընդմիջումից հետո խաղը հավասարվեց: Հայաստանի հավաքականն ավելի հաճախ էր գրոհում, իսկ դանիացիները երբեմն պատախանում էին վտանգավոր հակագրոհներով: 73-րդ րոպեին Մորտեն Օլսենի թիմը բացեց հաշիվը: Երեւանի «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները մրցակցի նկատմամբ: Հարոյանը, զգուշացվելով երկրորդ անգամ, հեռացվեց խաղադաշտից, իսկ Գեւորգ Կասպարովի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագերը՝ առաջ մղելով դանիացիներին: 10 ֆուտբոլիստներով մնացած Հայաստանի թիմը չկարողացավ պատասխանել Դանիայի հավաքականի ավագի խփած գոլին: 0:1 եւ Վարդան Մինասյանի թիմն այդպես էլ չի կարողանում առաջին միավորը վաստակել աշխարհի առաջնության ընտրական փուլի տնային խաղերում:

Այս հաղթանակից հետո դանիացիները վաստակեցին 12 միավոր՝ բարձրանալով երկրորդ տեղ: Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր եւ մեկ խաղ պակաս անցկացրած չեխերի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Մեկական խաղ պակաս անցկացրած իտալացիներն ունեն 17 միավոր, բուլղարացիները՝ 10, իսկ մալթացիները՝ 3:

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հաջորդ խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին: Այդ օրը Վարդան Մինասյանի թիմը Երեւանում կընդունի բուլղարացիներին:

Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ 

B խումբ 

Հայաստան - Դանիա՝ 0:1

Դանիել Ագեր, 73 (11մ.)

Հեռացում՝ Վարազդատ Հարոյան, 73 (Հայաստան)

Հայաստան. Գեւորգ Կասպարով, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Հրայր Մկոյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան (Արթուր Սարկիսով, 27, Սարգիս Ադամյան, 46), Արթուր Եդիգարյան, Արաս Օզբիլիս, Գեւորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի (Դավիթ Մանոյան, 70):

Դանիա. Ստեֆան Անդերսեն, Նիկի Զիմլինգ (Կասպոր Սլոթ, 45+2), Դանիել Ագեր, Նիկոլայ Բոյլեսեն, Անդրեաս Բիելանդ, Պետեր Անկենսեն, Ուիլյամ Կվիստ, Կրիստիան Էրիկսեն, Միքայել Կրոն-Դեյլի, Նիկի Բիլե Նիլսեն, (Սիմոն Կրիստոֆերսեն, 83) Մարտին Բրայթվեյթ (Վիկտոր Ֆիշեր, 66):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով