14:41  ,  9 սեպտեմբերի, 2013

Մորտեն Օլսեն. Հայաստանի հավաքականն ունի խմբից դուրս գալու հնարավորություն

Իտալիայի հավաքականին հասնել չի լինի, իսկ երկրորդ տեղի եւ անցումային հանդիպումների իրավունքի համար պայքարելու հնարավորությունները Հայաստանի, Դանիայի, Չեխիայի եւ Բուլղարիայի հավաքականների մոտ հավասար են: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը:

«Հայաստանի հավաքականը Դանիայի, Բուլղարիայի եւ Չեխիայի հետ հավասար հնարավորություններ ունի խմբից դուրս գալու: Մենք արդեն որոշել ենք վաղվա խաղում մեր կազմը: Դժվար որոշում էր, բայց մենք արդեն գիտենք այն ֆուտբոլիստների անունները, ովքեր խաղալու են: Վաղը մենք ցանկանում ենք ռեւանշի հասնել եւ վաղը այլ խաղ պետք է ցույց տանք: Առաջիկա խաղում չեմ կարող ասել, թե ով է ֆավորիտը: Խմբից դուրս կարող են գալ բոլոր չորս թիմերն էլ:

Մալթայի խաղից մենք այդքան էլ բավարարված չէինք: Մենք խաղում էինք շատ դանդաղ: Հուսանք, որ վաղը այլ խաղ կցուցադրենք: Հայաստանի հավաքականի հաղթանակից հետո Դանիայում ես ասացի, որ դուք խմբից դուրս գալու հնարավորություններ չունեք, բայց այժմ այդ կարծիքին չեմ, քանի որ թիմերի ցույց տված ադյունքները ազդում են հետագա ելքի վրա: Մենք պետք է մոռանանք Մալթայի հետ խաղը եւ կենտրոնանանք վաղվա խաղի վրա»,- ասել է Մորտեն Օլսենը:

Կոպենհագենում կայացած առաջին խաղում Օլսենի թիմը Հայաստանին պարտվել է 0:4 հաշվով:

Հայաստան - Դանիա պատասխան հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին, 20.00-ին:

Չեխիայի, Հայաստանի եւ Դանիայի հավաքականները B խմբում 7-ական խաղից հետո ունեն 9-ական միավոր եւ 1 միավոր են զիջում երկրորդ տեղում գտնվող Բուլղարիային: Առաջատարը Իտալիան է՝ 17 միավոր:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով