14:06  ,  18 հուլիսի, 2013

Արթուր Աբրահամ. Ես ամեն հարցում միշտ պատրաստ եմ օգնել Հենրիխ Մխիթարյանին

«Դեռ չենք հանդիպել, բայց զրուցել ենք։ Ասել եմ, որ ցանկացած հարցով դիմի ինձ, ինչի կարիք ունենա։ Ես ամեն հարցում միշտ պատրաստ եմ օգնել նրան։ Հենրիխը 700 կմ հեռու է ինձանից, բայց առաջիկայում որեւէ հնարավորության դեպքում կհանդիպենք»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը:

Արթուր, ինչպե՞ս ընդունեցիր Մխիթարյանի տեխափոխության լուրը։

Շատ ուրախացա, որ իմ հայրենակիցը տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»: Վստահ եմ` նա կկարողանա իր տաղանդի եւ հմտության շնորհիվ էլ ավելի առաջ գնալ ֆուտբոլում: 

Դու արդեն երկար տարիներ մարզվում եւ հանդես ես գալիս Գերմանիայում։ Ինչպիսի՞ երկիր է Գերմանիան մարզիկների համար։ 

Գերմանիան լավ երկիր է, մասնավորապես, լավ մարզիկների համար: Նորություն չէ, որ Հենրիխ Մխիթարյանը հզոր ֆուտբոլիստ է, նրան նոր եւ լուսավոր ճանապարհներ են սպասվում Գերմանիայում:

Հայ մարզիկը, երբ տեղափոխվում է Գերմանիա, ի՞նչ խնդիրների է հանդիպում։ 

Այս հարցին միանշանակ պատասխանել դժվար է, խնդիրները կարող են լինել անհատական եւ տարբեր: Հնարավոր է` որեւէ մարզիկ լեզվի իմացության հետ կապված խնդիր ունենա: Ամեն դեպքում, այդ խնդիրները լուծելի են, կարեւորը մարզիկը լավը լինի:

Ի՞նչ կարծիք ունես «Բորուսիայի» մասին։ Չեմպիոնների լիգայում դու երկրպագում էիր Դորտմունդի «Բորուսիային»:

Միայն լավը կարող եմ ասել։ «Բորուսիայի» խաղերին միշտ հետեւում եմ, երկրպագում եմ, ուրախանում եմ «Բորուսիայի» հաղթանակներով: 

Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կտա գերմանական ակումբում հանդես գալը հայ ֆուտբոլիստին։ 

Միայն լավ եւ նոր նվաճումներ, ձեռբերումներ, հաջողություններ ու նորանոր ֆուտբոլասերների համակրանք եւ սեր: 

Հանդիպե՞լ ես Հենրիխի հետ։  

Դեռ չենք հանդիպել, բայց զրուցել ենք։ Ասել եմ, որ ցանկացած հարցով դիմի ինձ, ինչի կարիք ունենա։ Ես ամեն հարցում միշտ պատրաստ եմ օգնել նրան։ Հենրիխը 700 կմ հեռու է ինձանից, բայց առաջիկայում որեւէ հնարավորության դեպքում կհանդիպենք:

Ի՞նչ կմաղթես եւ ի՞նչ խորհուրդ կտաս Հենրիխ Մխիթարյանին գերմանական ակումբում։

Մաղթում եմ այն ամենը, ինչ հարկավոր է Հենրիխ Մխիթարյան մարդուն եւ մարզիկին` հաջողության հասնելու համար: Հենրիխը բարզմաթիվ հաջողություններ է ունեցել ֆուտբոլում եւ դեռ կունենա: Մխիթարյանի հաջողությունները բոլորիս համար ուրախություն են, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում նրան:  Հենրիխին մաղթում եմ լավագույնը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում