11:05  ,  15 հուլիսի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Խաղում եմ մահացած հորս համար

Այժմ անում եմ ամեն ինչ, որպեսզի հորս երազանքը իրականություն դառնա, հայտնի Bild պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ինձ համար գերագույն նպատակը թիմին օգնելը եւ տիտղոսներ նվաճելն է. դա է ցանկանում յուրաքանչյուր մարզիկ։ Էական չէ, որ քվեարկության արդյունքում ինձ ճանաչել են մրցաշրջանի սուպերձեռքբերում, չնայած` հաճելի է։

Ես եւ Մարիո Գյոտցեն տարբեր տեսակի խաղացողներ ենք, ովքեր ունեն իրենց ուժեղ եւ թույլ կողմերը։ Մեկ տարի անց իմաստ կլինի մեզ համեմատել, սակայն այժմ վաղ է։ Ես դեռ ընդամենը երկու ընկերական հանդիպման եմ մասնակցել։ Դա ոչինչ չի տալիս։

Համարը ինձ համար կարեւոր նշանակություն չունի, բոլոր նախորդ թիմերում խաղացել եմ 22 համարի մարզաշապիկով։ Էական չէ, թե ինչ թիվ է մարզաշապիկի վրա, վճռորոշ է իմ ցուցադրած խաղը։ Այո, տիրապետում եմ 5 լեզվի եւ կարող եմ գերմաներեն մեկ նախադասություն ասել, նույնիսկ՝ երկու (ծիծաղում է)։ Միշտ ցանկանում եմ սովորել։ Ոչ, ընկերուհի չունեմ։ Միայնակ եմ ժամանել եւ բնակարան եմ փնտրում մարզաբազայի մոտակայքում։

Ճիշտ է, որ խաղում եմ մահացած հորս համար։ Նա միշտ ցանկանում էր ինձ ֆուտբոլիստ տեսնել։ Այժմ անում եմ ամեն ինչ, որպեսզի նրա երազանքը իրականություն դառնա»։

Հիշեցնենք, որ Հենրիխի հայրը՝ Համլետ Մխիթարյանը, մահացել է գլխուղեղի չարորակ ուռուցքից, երբ որդին 7 տարեկան էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով