16:52  ,  12 հունիսի, 2013

Հակոբ Աբրահամյան. Ամենամյա փառատոնը կազմակերպում ենք, որպեսզի հաշմանդամային սպորտը Հայաստանում «չմեռնի» (ֆոտո)

«Հաշմանդամային սպորտը հնարավորություն չունի առանձին մարզաձեւերի Հայաստանի առաջնություններ կազմակերպել, քանի որ գումարներ չունենք: Ամեն տարի կազմակերպում ենք հաշմանդամային սպորտի փառատոնը, որպեսզի հաշմանդամ մարզիկներից ընտրենք լավագույններին: Հաշմանդամային սպորտի փառատոնն ամեն տարի կազմակերպում ենք, որպեսզի հաշմանդամային սպորտը Հայաստանում «չմեռնի»»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաշմանդամների «Փյունիկ» միության, Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Հունիսի 11-13-ը Կարմիր Խաչի միջազգային վերականգնողական կենտրոնում «Փյունիկ» միության  նախաձեռնությամբ անցկացվում է Հաշմանդամային սպորտի հանրապետական փառատոնը, որն ամենամյա է եւ անցկացվում է արդեն 11-րդ անգամ:

«Հաշմանդամային սպորտի փառատոնն անցկացվում է ամեն տարի: Փառատոնին մասնակցում է մոտ 100 մարզիկ եւ մարզուհի` Հայաստանի տարբեր մարզերից: Ներկայացված է 6 մարզաձեւ` անվասայլակներով բասկետբոլ, հաշմանդամային լող, ծանրամարտ, բազկամարտ, սեղանի թենիս եւ շախմատ: Փառատոնը մեկնարկել է հունիսի 11-ին, այսօր անցկացնում ենք մրցումները եւ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը: Բացի մրցումներից, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է նաեւ հաշմանդամային սպորտի վերաբերյալ սեմինար-խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվում են հաշմանդամ մարզիկների վերականգնման հարցերը, կենսակերպի վերականգնումը ռիթմի մեջ, հանրակրթական դպրոցը որպես հաշմանդամների սպորտի զարգացման հենք, հաշմանդամային սպորտի արդի վիճակը»,- ասաց Հակոբ Աբրահամյանը:

Հարցին, թե ինչպես են ընտրվում մասնակից հաշմանդամ մարզիկները, «Փյունիկ» միության նախագահը նշեց.

«Մենք ոչ մի մարզաձեւից ազգային հավաքականներ, ցավոք սրտի, չունենք: Մասնակցում են այն մարզիկները, ովքեր զբաղվում են տվյալ մարզաձեւերով: Իրականում եթե ֆինանսական միջոցներ լիներ, նախապես մտածել էինք այս փառատոնում ընգրկված մարզաձեւերի մրցումներն անցկացնեինք նախ մարզերում, որոնցից ընտրված մարզիկները կգային Երեւան եւ կմասնակցեին փառատոնի հիմնական եզրափակիչ փուլին:  Անցյալ տարի Գյումրիում փորձ արեցինք, շատ հաջող անցավ: Եթե գումար լիներ՝ բոլոր մարզերում նման մրցումներ անցկացնեինք եւ ընտրվածներին հնարավորություն տայինք մասնակցեին այս փառատոնին, շատ ավելի լավ կլիներ»:

Հակոբ Աբրահամյանը տեղեկացրեց, որ փառատոնն անցկացվում է պետական աջակցության միջոցով:

«Ամեն տարի 3 միլիոն դրամ է հատկացվում հանրապետական փառատոնն անցկացնելու համար: Հաղթողները պարգեւատրվում են մեդալներով, պատվոգրերով եւ դրամական պարգեւներով` 10 000, 7 000 եւ 5 000-ական դրամ` համապատասխանաբար առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար: Փառատոնի նպատակն է այսկերպ չթողնել, որ հաշմանդամային սպորտը «մեռնի»: Բոլորն էլ հասկանում են, որ 3 միլիոն դրամով հնարավոր չէ հաշմանդամային սպորտ պահել: Անլուրջ է այս երեւույթը, մի կառույց, որը ներկայացնում ես միջազգային ասպարեզ, մասնակցում աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, Օլիմպիական խաղերին, ունի միայն 3 միլիոն դրամ պետական բյուջեից: Ես այնքան եմ այս մասին խոսել, որ արդեն մի փոքր հիասթափվել եմ:

Բոլոր նախարարները գալիս են, լսում են մեզ, հասկանում եւ համաձայնում են, որ ճիշտ է կամ սխալ է այսինչ հարցը, բայց ժամանակը գալիս է եւ զանգում ասում են` ձեր 3 միլիոնի հայտը ներկայացրեք հաջորդ տարում: Ու այսպես շարունակ ձգվում է արդեն 10 տարուց ավելի»,- նշեց Հակոբ Աբրահամյանը:

Հետաքրքրվեցինք, թե Հայաստանի հաշմանդամային սպորտին ինչով է աջակցում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը:

«Նորանշանակ նախարարը դեռ նոր է: Տեղյակ եմ, որ բավական հետաքրքրված է հաշմանդամային սպորտով եւ ցանկություն ունի աջակցել: Մեզ հետ հանդիպում է նշանակել հուլիսին: Ես անձամբ զրուցել եմ Յուրի Վարդանյանի հետ մինչեւ նախարար նշանակվելը, եւ այդ ժամանակ նա արդեն հետաքրքրություն էր ներկայացրել հաշմանդամային սպորտի նկատմամբ: Կայանալիք հանդիպմանը միակ եւ հուզող խնդիրը, որ ինքս առաջ կքաշեմ, դա հաշմանդամային սպորտի ֆինանսական խնդիրն է: Ունենք մարզիկներ, մարզիչներ եւ այդ ամենը ղեկավարելու համար գումարներ են պետք: Մենք ամեն ինչ ունենք, գումար չունենք: Այլ երկրներ` գումար ունեն, ոչինչ չունեն»,- ասաց Հակոբ Աբրահամյանը:

Հունիսի 13-ին «Գրանդ սպորտ» համալիրում տեղի կունենա փառատոնի հաղթող մարզիկների պարգեւատրման արարողությունը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով