13:01  ,  10 ապրիլի, 2012

Հայաստանում ֆինանսների անարդար բաշխումը մարզաձեւեր է կործանում

Հայաստանում թիավարությամբ զբաղվող երիտասարդները ստիպված լքում են սպորտը բանակը ծառայելուց հետո, քանի որ բանակից հետո վերադառնալ մեծ սպորտ գործնականում անհնար է:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Հայաստանի կանոեի եւ թիավարության ազգային ֆեդերացիայի նախագահ Հրաչիկ Խուդոյանը:

«Թիավարության զարգացման համար պայմաններ կան, փորձում ենք ամեն ինչով մեր տղաներին օգտակար լինել, բայց պետության որոշումների դեմ անզոր ենք: Մեր տղաները, որոնք պատրաստի մարզիկներ են եւ կարող ենք նրանց վստահ ուղարկել մրցումների, առաջնությունների, արդեն հասել են բանակային տարիքի: Սա մեծ խոչընդոտ է մեզ համար: Մարզիկ տղաներին ուղարկում ենք բանակ, այլեւս հույս չունենալով որ նրանք ծառայությունից հետո կրկին կզբաղեցնեն իրենց տեղն այս մարզաձեւում: Սա շատ լավ մարզաձեւ է, այն եւ առողջության համար է լավ եւ հոգեպես մարդու մեջ հավասարակշռություն է սերմանում. ափսոս է, որ բանակի պատճառով մենք ստիպված ենք լինում ժամանակ կորցնել նոր երեխաների աճեցնելու եւ մինչեւ մրցումային մակարդակի հասնելու վրա ժամանակ կորցնենք եւ հետո պատրաստի մարզիկին ուղարկել բանակ: Չէ որ գնում ես զորամաս, այնտեղից քեզ թույլ չեն տալիս գաս մարզվես, ֆիզիկական տվյալներդ պահպանես: Մեր միակ հույսը լավ վարկանիշներ ձեռք բերելն է, որպեսզի մեր տղաների համար տեղ ապահովենք սպորտային վաշտում: Այստեղից մարզիկները կարող են գալ եւ նորմալ մարզվել: Այսինքն` եթե կարողանանք լավ ցուցանիշների հասնել, բնական է, որ բանակի հարցն էլ կլուծվի… Սակայն դա դեռ առաջին հայացքից, բայց իրականում ամեն ինչ այդքան հեշտ չէ»:  

Թիավարության մեծահասակների աշխարհի առաջնությունում 7-րդ տեղ գրաված մարզիկը չի զորակոչվում սպորտային վաշտ, իսկ երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մինչեւ 6-րդ տեղ գրաված մարզիկները ստանում են արտոնություններ՝ ծառայությունն անցկացնելով սպորտային վաշտում։

«Կառավարության, մեր պետության օրենքով, նախարարների որոշումով աշխարհի, Եվրոպայի առաջնություններում 1-6 տեղեր զբաղեցրած մարզիկները ծառայում են Չարբախի  սպորտային վաշտում: Բայց 7-րդ տեղը չի գնում: Ունենք մի մարզիկ, որ Սլովենիայում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրած 4 մարզիկների շարքում է: Նա զբաղեցրեց 7-րդ տեղը, ստացավ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում, արժանացավ  ՀՀ նախագահի թոշակին, բայց պետք է գնա բանակ: Եթե գնաց, վերջ… Ըմբշամարտում,  ծանրամարտում եւ մյուս այլ մարզաձեւերում ամեն ինչ շատ հեշտ է: Նրանք կարող են գնալ աշխարհի պատանիների ինչ-որ մի առաջնություն, այնտեղ գրավել ինչ-որ տեղ եւ դրանով  ապահովել սպորտային վաշտում իրենց ծառայությունը: Օրինակ` ըմբշամարտում մրցանակային տեղերը ուրիշ են` 1-ին տեղ 2-րդ տեղ, երկու հատ` 3-րդ տեղ, երկու հատ` 4-րդ եւ այդպես շարունակ: Ստացվում է, իրենց մոտ 6-րդ տեղը գալիս է թիավարության  8-րդ տեղ ու ստանում մրցանակային տեղ: Այս խնդիրը միայն թիավարությունում չէ. աթլետիկան, դահուկավազքը, լողը եւ ոչ միայն նույն վիճակում են: Շատ սպորտաձեւեր կան, որ իրենց համար մի փոքր պետք է զիջումների գնալ` մարզիկներին սպորտային վաշտում ծառայելու հնարավորոթյուն տալու համար: Գոնե մինչեւ 8-րդ կամ 10-րդ տեղեր թողեին այս մարզաձեւերում սպորտային վաշտի համար: Կամ ֆուտբոլը… Տեսե՞լ եք աշխարհում մենք ունենանք 5-րդ կամ 6-րդ տեղ: Իսկ թիավարությունում Հայաստանն աշխարհում 7-րդն է, սա կատակ բան չէ: Բայց,  չգիտես ինչու, սպորտային վաշտում հիմնականում ֆուտբոլիստներ են»:

Հ. Խուդոյանն ավելացրեց.

«Հենակետային մարզաձեւերի համար ամեն պայման կա, բայց ոչ հենակետայինների համար` ոչ մի պայման: Հասարակ բան, մեզ` օլիմպիական սպորտաձեւիս, ֆինանսավորում են 7 միլիոն, ծանրամարտին, բռնցքամարտին եւ ըմբշամարտին 200 միլիոն»:

Վ. Ադամյանը նկատեց, որ մենապայքարային մարզաձեւերը միայն կառավարությունից չէ, որ ֆինանսավորվում են.

«Այդ 200 միլիոնը միայն կառավարությունն է տալիս: Բայց միայն կառավարությունը չի… Օրինակ` ըմբշամարտին 1 միլիոն դոլար տալիս է Տաշիրի Սամվել Կարապետյանը,  1 միլիոն դրամ` ֆեդերացիայի նախագահը եւ Օլիմպիական կոմիտեից էլ ոնց էլ լինի 50 միլիոն դրամ դուրս կգա: Դե պատկերացրեք… 200 միլիոն մի սպորտաձեւին, եւ  7 միլիոն այս սպորտաձեւին, որը ոչ պակաս օլիմպիական է: Այդ գումարով հազիվ կարողանում ենք երկու մարզիկ եւ մի մարզիչ ուղարկել մրցումների»:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով